Հոր սպանության մեջ մեղադրվող 22-ամյա որդին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Սյունիքի մարզում տեղի ունեցած դաժան սպանության գործով կայացվել է դատական ակտ՝ 22-ամյա որդին հոր սպանության համար դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման: Սպանությունը տեղի էր ունեցել հունվարի 6-ին՝ ընտանիքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության էր ծագել և որդին խոհանոցային դանակով վնասել էր հոր պարանոցն ու դեմքը, այդ ամենից հետո էլ վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է հոր գլխին: Թերևս հորը հասցված վնասվածքներն այսքանը չեն եղել, որդին դանակով հարվածներ էր հասցրել նաև հոր կրծքավանդակի շրջանին: Ստացած հարվածների հետևանքով ծնկի իջած հայրը հեմոռագիկ շոկից մահացել է:

Նարեկ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում Նարեկ Հովակիմյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տալով հայտնել է, որ ամանորյա տոները նշելու համար Բռնակոթ գյուղ է գնացել՝ ծնողների մոտ: Ըստ նրա ցուցմունքի՝ դեպքի օրը հայրն անընդհատ վիճելու առիթ է փնտրել, ինքն էլ ասել է, որ գնում է Երևան, ինչին ի պատասխան հայրն ասել է, եթե գնաս Երևան, մորդ էլ ողջ չես տեսնելու: Այդ ամենից հետո իրենք հյուրեր են ունեցել և երբ վերջիններս գնացել են նորից շարունակվել է հոր և որդու վիճաբանությունը և հայրը ապտակել է իրեն, ապա մորը:

Նարեկը հայտնել է, որ հայրը սկսել է դանակով սպառնալ և քանի որ նախկինում երբևէ չի եղել, որ հայրը դանակով ուզեր խփել, վախեցել է և հետևի կողմից բռնել դանակը: Մորն ասել է, որ դուրս գա տնից ու մարդ կանչի: Այս ընթացքում էլ քաշքշոցի և հարվածների ժամանակ վերցրել է աղյուսը և կես մետր հեռավորությունից հարվածել հոր գլխին: Ըստ նրա՝ առաջին հարվածը թույլ է եղել, հայրը դանակով խփել և վնասել է իր ձախ աչքի ներքևի հատվածը: Իսկ երբ երկրորդ անգամ ևս աղյուսով հարվածել է հոր գլխին՝ վերջինս շշմել է, ծնկի եկել և դանակը ձեռքից ընկել է: Նկատել է, որ հայրը ուզում է շարժում կատարել դեպի դանակը, վերցրել է դանակը և խփել նրան: Թե քանի անգամ է հարվածել հորը Նարեկը դժվարացել է նշել, սակայն ըստ փորձաքննության եզրակացության՝ հորը հասցրել է 4-ից 5 հարված: Որպես կասկածյալ տված ցուցմունքնում Նարեկը հայտնել է, որ հայրը ալկոհոլի նկատմամբ հակում է ունեցել և հաճախ է խմած վիճաբանել մոր հետ, այդ պատճառով մորը 2017 թվականին տեղափոխել է Երևան, ինչից հետո հայրը եկել է և մորը հետ տարել գյուղ: Միաժամանակ Նարեկը նաև հայտնել է, որ հայրը նաև թմրամիջոց է օգտագործել: Սպանված Դավիթ Հովակիմյանի կինը՝ Ծովինարը ցուցմունք տալիս հայտնել է, որ իրենց ընտանիքում միշտ էլ եղել են անախորժություններ, ամուսինը խմած ժամանակ միշտ պատճառ է փնտրել վիճաբանելու և իրեն մեղադրել է, թե երեխաներին սխալ է դաստիարակում, չի ցանկացել նրանց ուսման համար գումար տալ: Բացի այդ բազմաթիվ անգամ ծեծել է իրեն, սակայն մինչ այդ դեպքը դանակով չի սպառնացել: Իսկ 2017 թվականի հոկտեմբերին ստիպված փախել է ամուսնուց և գնացել Երևան` Նարեկի մոտ: Ամուսինը սպառնացել է, որ իրենց վիզը կկտրի, եթե հետ չգա: Խղճացել է և հետ եկել: Դեպքի վերաբերյալ վկան պատմել է, որ գնացել է խոհանոց, իսկ ամուսինը և որդին եղել են հյուրասենյակում: Քիչ հետո գնացել է այնտեղ և տեսել, որ ամուսնու ձեռքին դանակ և շամփուր կա: Ամուսինը մոտեցել է իրեն և շամփուրով խփել ձեռքին, վերցրել է շամփուրը և շպրտել, Նարեկը բռնել է հորը, իսկ ինքը փախել է դուրս, օգնություն կանչել: Երբ վերադարձել է տուն, Նարեկը իրեն թույլ չի տվել, որ ներս մտնի, ականոցներն էլ աչքերին չեն եղել, իսկ ձեռքերն արյունոտ են եղել: Այդ ժամանակ իմացել է, որ ամուսինը մահացել է: Դեպքից հետո Նարեկը դողացել է ու լացել: Որպես վկա հարցաքննված մեղադրյալի տատը ցուցմունք է տվել նշելով, որ դստեր և փեսայի ընտանիքում հաճախակի է վեճեր եղել՝ ֆինանսական խնդիրների պատճառով, փեսան զավակների ուսման համար գումար չի տվել: Վկան նաև հայտնել է, որ փեսան խմել է ու թմրամիջոց օգտագործել, իսկ թոռը շատ հանգիստ մարդ է: Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, իսկ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը: Բացի այդ ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված և արատավորված չի եղել: