Զինված ուժերը կարող են օգտագործվել ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար. Հայկ Ալումյան

Մարտի 1-ի իրադարձությունների շուրջ ձևավորվել են բազմաթիվ միֆեր, որոնցից մեկն այն է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Գրում է Aysor.am-ը։

«Սա միֆ է, և այսօր դատարանում քննվող քրեական գործը շատ մեծ չափով հիմնված է այս միֆի վրա։ Իրականում, մեր օրենսդրությունը միանշանակ թույլ է տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար, օրինակ, եթե առկա են զանգվածային անկարգություններ»,- ասաց փաստաբանը՝ միաժամանակ ներկայացնելով Չինաստանի, Նեպալի, Հարավաֆրիկյան Հանարապետության, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների միջազգային փորձը։

Հայկ Ալումյանը նաև հղում կատարեց ՀՀ Սահմանադրության 8.8-րդ հոդվածին, որտեղ նշված է, որ Զինած ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային անվտանգությունը։

«Իսկ ի՞նչ է անվտանգությունը։ Այն ներքին և արտաքին վտանգներից պաշտպանվելու հնարավորություն է։ Անվտանգությունը կարող է խախտվել զանգվածային անկարգությունների հետևանքով», – նշեց փաստաբանը։