Դատարանն արդարացրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին



  13:31

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանն արդարացվել է:

«ditaket.am»-ն այդ մասին տեղեկացավ Բունիաթ Եղիազարյանի պաշտպան Հովհաննես Սուքիասյանին: Նշենք, որ դատական ակտը հրապարակվել է օգոստոսի 16-ին:

Հատուկ քննչական ծառայությունը Բունիաթ Եղիազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ մեղադրանքի՝ Բունիաթ Եղիազարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի վարույթում քննվող գործով վերջինիս հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Մ.Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը, այնուհետև այդ մասին հայտնել է նաև իր վերադասին` Բունիաթ Եղիազարյանին, ով վերջինիս հետ նախնական համաձայնության գալով, իր հերթին Բ.Գասպարյանին խոստացել է նրա որդու օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարել:

Այնուհետև Միքայել Զադոյանը մեղադրյալի հորն ուղարկել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարն ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ.Գալոյանը, վերջիններիս համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և Զադոյանին ու Եղիազարյանին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Նշենք նաև, որ Միքայել Զադոյանի, Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանը կայացրել է դատական ակտ, համաձայն որի՝ Միքայել Զադոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման, Գայանե Գալոյանին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ վերաորակել է ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և համաներման կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցել: Ինչ վերաբերում է Բաբկեն Գասպարյանին, ապա նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, նա ևս համաներման կիրառմամբ պատժի կրումից ազատվել է: