«Լենտեքս» ընկերությունն ազատվեց ներմուծման մաքսատուրքից



  13:00

Կառավարությունը որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատել «Լենտեքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և/ կամ նյութերը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այս ընկերությունը գործում է Գյումրիում, զբաղվում է գուլպաների, զուգագուլպաների, տրիկոտաժի  արտադրությամբ և թելի վերամշակման գործունեությամբ։

«Կազմակերպությունը գործում է 2001 թվականից, ներկայումս ունի 382 աշխատատեղ։ Այս ներդրումային բաղադրիչի շնորհիվ կստեղծվի ևս 50-60 նոր աշխատատեղ։ Նախատեսվում է, որ արտադրանքի ծավալը պետք է կազմի միլիարդ դրամ, որից  1,4 միլիարդ դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանում, մնացած մասը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ։ Այս հայտի շրջանակում մաքսատուրքից ազատվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3 միլիարդ դրամ, որից մաքսատուրքից ազատման արտոնությունը 155 միլիոն 383 հազար դրամ, իսկ Հայաստանի պետական բյուջեի եկամուտների նվազումը 1 միլիոն 900 հազար դրամ է կազմելու։ Կազմակերպությունը տեղեկացրել է, որ 2018 թվականի գործունեության ընթացքում վճարել է 190 միլիոն դրամ հարկեր»,- ասաց Խաչատրյանը։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման համար:

Սույն որոշման նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից: