Ամուլսարի շահագործումն անհրաժեշտ է՝ մշտադիտարկումներով և խիստ վերահսկողությամբ. երկրաբան

Երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանն Ամուլսարի հանքի շահագործմամբ որևէ վտանգ չի տեսնում թե առողջապահական, թե շրջակա միջավայրի առումով, ընդհակառակը պնդում է, որ այն կբերի մեծ օգուտներ երկրի տնտեսությանը: Այս մասին մասնագետը խոսեց՝ ընդգծելով, որ պետք է մշտադիտարկումներով խիստ վերահսկողություն սահմանել, որ որևէ շեղում առանց արձագանքի չմնա: Շեղման արձանագրման պարագայում տույժերը պետք է կրի շահագործող ընկերությունը:

«Լեռնարդյունաբերությունը միշտ տվել է և կտա օգուտներ: Կուզեի, որ հանրապետությունն առավելագույն օգուտներով դուրս գա հանքի շահագործումից և վստահ եմ, որ այդպես էլ կլինի»,-ասաց Մուխսի-Հովեյանը:

Նա համոզված է, որ սկսած հանքավայրի ուսումնասիրությունից, մինչև շահագործում պետք է իրականացվի՝ կետ առ կետ պահպանելով «Ընդերքի մասին» օրենքի բոլոր դրույթները:

««Լիդիան»-ն «Ընդերքի մասին» օրենքի բոլոր կետերը պահպանել է՝ ուսումնասիրությունից սկսած. դրանք փաստել են փորձաքննությունները ու չնայած դրան, նոր փորձաքննության կարիք առաջացավ («Էլարդ»-ի ուսումնասիրության համար հատկացվել է 396 հազար ԱՄՆ դոլար-խմբ.):  Ես վստահում եմ փորձագիտական գնահատականներին»,-նշեց երկրաբանը: Նա նկատեց նաև, որ շատ հարուստ լեռնարդյունաբերական ժառանգություն ունի Հայաստանը: