Շարքայինի սպանությունից 14 տարի է անցել՝ մինչ այս պահը հանցանքը կատարած անձը պատասխանատվության չի ենթարկվել



  11:00

Շուրջ 14 տարի առաջ Գորիսի զորամասում սպանված շարքային զինծառայող Նաիրի Իսախանյանի հարազատները շարունակում են պնդել, որ իրեննց որդու սպանության մեջ մեղադրվող սպան քրեական պատասխանատվությունից ազատվել է ապօրինի:

Շարքային Նաիրի Իսախանյանը սպանվել է զորամասում 2005թ. ապրիլի 11-ին՝ ժամը 02.40-ի սահմաններում՝ գլխի ճակատային շրջանում ստացած երկու հրազենային վիրավորման հետևանքով:

Նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել խուլիգանական դրդումներով սպանության և իշխանության չարաշահման համար: 24.08.2005թ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով  մեղադրանք է առաջադրվել Վաղինակ Ամիրյանին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը «ditaket.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  նախաքննության ընացքում սպանված զինծառայողի մոր կողմից դիմում է հասցեագրվել զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին առ այն, որ իր ունեցած տեղեկություններով՝ որդուն ծեծելով սպանել են վեց զինծառայող, որից հետո միայն Վ.Ամիրյանն ինքնաձիգով երկու անգամ կրակել է իր որդու ճակատին;

Ըստ քրեական գործում առկա դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ Ն.Իսախանյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, գլխի հրազենային գնդակային վիրավորումներ ստանալու հետևանքով:

Վահան Հովհաննիսյանը նշում է, որ հիշյալ եզրակացությունը առկա է մինչև այս պահը և մահվան պատճառի վերաբերյալ որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել, սակայն քննիչը՝ 05.09.2005թ որոշում է կայացրել Վ.Ամիրյանին առաջադրված մեղադրանքի ծավալի մասը վերացնելու և նրան նոր ծավալով մեղադրանք առաջադրելու մասին:

Համաձայն հիշյալ որոշման՝ քննիչն ընդունել է, որ թեպետ առկա է մահվան պատճառի վերաբերյալ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, սակայն այնուհանդերձ առավել արժանահավատ է հանգուցյալի մոր դիմումն առ այն, որ իր որդուն կրակելով չեն սպանել: Ուստիև Վ.Ամիրյանի առաջադրված մեղադրանքից հանվել է սպանության դրվագը և մինչ օրս սպանությունը մնում է չբացահայտված:

Փաստաբանը նշում է՝ գործով հաստատված փաստական հանգամանքների պայմաններում, որ Ն.Իսախանյանի գլխին արձակված երկու կրակոցով նրան դիտավորությամբ կյանքից զրկել է Վ.Ամիրյանը, այնուամենայնիվ վերջինս դատապարտվել է կարճաժամկետ ազատազրկման միայն իշխանության չարաշահման համար, նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից;

Այս տարիների ընացքում սպանված շարքայինի մայրը՝ Գ.Աղաջանյանը, փորձել է բազմաթիվ դիմումներով բարձրաձայնել քրեական գործում առկա աղաղակող խախտումների մասին, սակայն վերջինիս բոլոր պահանջներն անպատասխան են մնացել:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանությունը ստանձնելուց հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազին՝  խնդրելով ՀՀ քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածով (քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը) քրեական գործ հարուցել գործը քննող քննիչի նկատմամբ, սական քրեական գործ չի հարուցվել:

Փաստաբանը գտնում է, որ նման պայմաններում, Գլխավոր դատախազի կողմից քրեական գործ չհարուցելը կարող է կապ ունենալ այն հանգամանքի հետ, որ ներկայումս Գ.Ջհանգիրյանը տարբեր հարթակներում ակտիվորեն աջակցում է իշխանության գործունեությանը՝ դատական բարեփոխումների ոլորտում, իսկ քրեական գործի հարուցմամբ կարող է առնվազն վտանգի տակ դրվել Գ. Ջհանգիրյանի հեղինակությունը: