Ոստիկանները բացահայտել են Արաքսավան համայնքի ղեկավարի ապօրինությունները (Տեսանյութ)



  08:55

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Արաքսավան համայնքի ղեկավարը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել չարաշահումներ։

«Արմենպրես»ի հաղորդմաբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ համայնքի ղեկավարը 2005 թվականից տարբեր ժամանակահատվածներում համայնքապետարանում որպես հավաքարար է հրամանագրել իր մտերիմներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել։ Հավաքարարի պարտականություններն էլ նրանց փոխարեն փաստացի կատարել է մի կին՝ ստանալով ընդհանուր 2 միլիոն 892 հազար դրամից ավելի գումար։ Մինչդեռ նշված ժամանակահատվածում համայնքի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել 6 միլիոն 115 հազար դրամից ավելի գումար, որից 3 միլիոն 223 հազար դրամը յուրացվել է։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: