Հայերը Թուրքիայում մասնակցել են Ցեղասպանությունը դատապարտող միջոցառման

10:00, Օգս 17, 2018


«Վերադարձ» հիմնադրամի և «Նուբար» ավանդական երգի-պարի համույթի ներկայացուցիչներն օգոստոսի 5-12-ը Արևմտյան Հայաստան կատարած հերթական ուխտագնացության շրջանակներում, ի թիվս հայապահպան, մշակութային մի շարք միջոցառումների,  օգոստոսի 8-ին Թուրքիայի Կիլիչկայա գյուղում մասնակցեցին Թուրքիայի կառավարության կողմից իրականացված հերթական ցեղասպանության՝ այս անգամ  Զինի կոտորածի անմեղ զոհերի հիշատակի ու ոգեկոչման միջոցառմանը:

1937 և 1938 թվականներին՝ Դերսիմի ապստամբությունից անմիջապես հետո, Թուրքիայի զինված ուժերը ամենադաժան կերպով ճնշելով ապստամբությունը, կազմակերպել են զանգվածային ջարդեր և էթնիկ մաքրում տեղական բնակչության շրջանում, որոնց զոհ են գնացել հիմնականում ալևի քրդեր և զազաներ, նաև կրոնափոխ և ձուլված հայեր: Արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է 13,606 մինչև 70,000 քաղաքացիական բնակչություն, այդ թվում՝ ներկայիս Կիլիչկայա (նախկինում՝ Սուր Վահան) գյուղից շուրջ 100 մարդ: Գյուղի բնակիչները պատմում են, թե ինչպես են թուրք ժանդարմները մարդկանց շղթայակապ բարձրացրել Զինի լեռը և այնտեղ գնդակահարել՝ դիակները թողնելով անթաղ՝ թռչունների կեր: Այնուհետև այրել են գյուղը և մարդկանց աքսորել: Ամեն տարի օգոստոսի 7-ին ալևիները բարձրանում են Զինի լեռ, մոմ վառում, իսկ հաջորդ օրը հավաքվում գյուղում և հարգանքի տուրք մատուցում անմեղ զոհերի հիշատակին:

Զինի կոտորածի 80-րդ տարելիցի հիշատակի միջոցառումը նախորդ տարիներից տարբերվում էր նրանով, որ առաջին անգամ ալևիներից բացի  մասնակցում էին նաև հայեր՝ ժամանած Հայաստանի Հանրապետությունից: Հայերի պատվիրակությունը գլխավորում էր Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ, «Վերադարձ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանը։ Պատվիրակության կազմում էին հնագետ-արվեստաբան Հակոբ Սիմոնյանը, ռեժիսոր-դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը, «Ֆիդայիներ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի համույթը, «Վերադարձ» հիմնադրամի ներկայացուցիչներ և այլք:

Ինչպես նշեց   հայկական պատվիրակության ղեկավար Արագած Ախոյանը, Զինի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու գաղափարը ծնվել էր դեռ մի քանի ամիս առաջ` 2018թ. մարտին, երբ Ֆրանսիայի ալևիների միության խորհդի նախագահ, Եվրոպայի ալևիների կոնֆեդերացիայի փոխնախագահ էռդալ Կիլիչկայայի ջանքերով Հայաստանում էին Եվրոպայում բնակվող ալևիների կառույցների ներկայացուցիչները: Հենց այդ ժամանակ կողմերը պայմանավորվեցին այսուհետ  միասին լինել երկու ազգերի դեմ կատարված ցեղասպանությունների հետևանքների վերացման պայքարում և հասկացան, որ բավականաչափ չեն ճանաչում միմյանց, թեև դարեր շարունակ ապրել են կողք կողքի և միևնույն ճակատագրով:

 

Հիրավի,  ոչինչ այնպես չի մոտեցնում մարդկանց, ինչպես նույն ցավը: Թուրքական ոճրագործությունների  և կոտորածների ցավը մշտապես «ճաշակած» հայ և ալևի ժողովուրդների ներկայացուցիչներին Թուրքիայի Կիլիչկայա գյուղում միավորել էր կորստի նույն ցավը կիսելու, այդ ցավը միասին հաղթահարելու ու  ձեռք-ձեռքի պայաքարելու վճռականությունը: Ահա հենց այս առաքելությամբ է, որ «Վերադարձ» հիմնադրամը՝ հավատարիմ գարնանը ալևիներին տված իր խոստմանը, մասնակցեց  Զինի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, որին տեղաբնակներից և հայերի պատվիրակությունից բացի ներկա էին նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ժողովրդադեմոկրատական  կուսակցության (HDP)  ներկայացուցիչ Զեյնել Օզենը, Ֆրանսիայի ալևիների միության նախագահ էռդալ Կիլիչկայան, Եվրոպայի ալևիական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ովքեր միասին հարգանքի տուրք մատուցեցին  անմեղ զոհերի հիշատակին:

-Մեր պատմությունը ևս լի է կոտորածներով,- ողջունելով Հայաստանից Կիլիչկայա եկած բախտակից եղբայրներին ու քույրերին՝ ասաց Ֆրանսիայի ալևիների միության նախագահ էռդալ Կիլիչկայան,-Հայոց ցեղասպանության օրերին շատ ալևիներ փրկել են հայերին՝ թաքցնելով և ապաստան տալով իրենց տներում, բայց, ցավոք, երբ ալևիներիս էին կոտորում, մեր հայ եղբայրները չկարողացան օգնության ձեռք մեկնել մեզ»,- նշեց նա և հավելեց, որ այսուհետ հայ և ալևի ազգերը պետք է միասին լինեն արդարությունը վերականգնելու և ցեղասպանությունների հետևանքները վերացնելու պայքարում:

էռդալ Կիլիչկայան և Զեյնել Օզենը շնորհակալություն հայտնեցին հայկական պատվիրակությանը՝ Թուրքիա գալու և իրենց ցավը կիսելու համար: Ի պատասխան՝ հայկական պատվիրակության ղեկավարն ասաց, որ դա իրենց պարտքն էր.

-Սիրելի՛ բարեկամներ, մենք պետք է այստեղ ծնված լինեինք, բայց ծնվել ենք այնտեղ՝ մեր մյուս հայրենիքում: Մենք խորապես հասկանում և կիսում ենք ձեր ցավը, միասին ենք ձեզ հետ պայքարում: Ինչպես ասում են՝ մենք նախաճաշն էինք, դուք՝ ճաշը: Մենք շատ լավ գիտենք պատմությունը, գիտենք, որ Ցեղասպանության օրերին ձեր շնորհիվ շատ հայեր են փրկվել, և մեր այցով մենք ոչ միայն մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք արտահայտում, այլև փորձում հիմք դնել նոր գործելակերպի, կառուցել համագործակցության կամուրջներ թուրքական վարչակազմի քաղաքականությունից ու թուրքական ազգայնամոլությունից տուժած ժողովուրդների միջև և միասին գտնել լուծումներ՝ դատապարտելով և կանխելով հետագա ցեղասպանությունները,- նշեց Արագած Ախոյանը:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Զեյնել Օզենը նշեց, որ ինքը  և իրենց կուսակցությունը հանդես են գալիս Թուրքիայում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների  անունից, փորձում իրենց հնարավորությունների սահմաններում պաշտպանել ազգային փոքրամասնությունների շահերը, սակայն Թուրքիայում ձևավորված ոչ ժողովրդավարական համակարգի պայմաններում ներկա փուլում խորհրդարանում անհնար է որևէ բան անել.

-Յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր հասարակություն պետք է կարողանա առերեսվել սեփական պատմության հետ, բայց Թուրքիայում հիմա էլ դիկտատատուրա է, մեր կուսակացության հարյուրավոր անդամներ և Ազգային ժողովի 12 պատգամավորներ ներկայումս ձերբակալված են: Ազգային ժողվում անհնար է միայնակ որևէ բան փոխել, հարկավոր է պայքարել և՛ խորհրդարանում, և՛ փողոցներում,-ընդգծեց պատգամավորը:

էռդալ Կիլիչկայան սակայն համոզված է, որ միավորելով աշխարհասփյուռ ալևիների, հայերի և Թուրքիայի վարչարարություններից տուժած ժողովուրդների ջանքերը, հնարավոր է հասնել արդարարության վերականգնմանը և Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունների ոչ միայն դատապարտմանը, այլև հետևանքների վերացմանը:

Անմեղ զոհերի հիշատակի միջոցառման ընթացքում  «Նուբար» ավանդական երգի-պարի համույթի և ալևի երաժիշտների կատարմամբ հնչեցին հայկական և ալևիկան թեմատիկ կատարումներ, որոնցում նույն ցավն էր, նույն վիշտը՝ այս անգամ արտահայտված երաժշտության լեզվով, իսկ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցող    հայերի և ալևիների աչքերում նույն թախիծն էր և արդարությունը վերականգնելու նույն անսասան հավատն ու երբեք չմարող հույսը:

 

Նազելի Ավագյան

 

Առնչվող թեմաներ