ԲԴԽ-ն բավական բարդ ընտրության առաջ է եղել, քանի որ բոլոր թեկնածուներն էլ արժանի էին․ Սնանկության դատարանի դատավորի թեկնածու Գևորգ Նարինյան

10:27, Օգս 10, 2018


Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի կողմից փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին սնանկության գործով դատարանի դատավորները։ Խոսքը նորաստեղծ դատարանի մասին է, որը սկսելու է գործել 2019 թվականի հունվարի 1-ից և լինելու է միայն սնանկության գործեր քննող դատարան։  Դատարանը ստեղծվել է, Դատավորների թեկնածուները ընտրվել, սակայն մամուլում հայտնվել են որոշակի դժգոհություններ կապված թե դատարանի ստեղծման գաղափարի, թե ԲԴԽ-ի ընտրության կարգի և թե թեկնածուների վերաբերյալ։ Այս հարցերի շուրջ Ditaket.am-ի թղթակիցը զրուցել է Սնանկության դատարանի դատավորի թեկնածու Գևորգ Նարինյանի հետ։

 

Դուք ընտրվել եք Սնանկության դատարանի դատավոր, և թերևս լավագույնն եք պատկերացնում դատարանի աշխատանքը։ Կիսվեք Ձեր պատկերացումներով այդ դատարանի աշխատանքների մասին։

Գործող իրավակարգավորումների շրջանակներում սնանկության գործերը ներկայում վարվում են ընհանուր իրավասության դատարաններում՝ մասնագիտացված դատավորների կողմից: Սնանկության՝ որպես առանձին մասնագիտացված դատարանի ստեղծման համար պետք է, որ առարկայական օրինակ ծառայած լինի վարչական դատարանի ստեղծումը և արդյունավետ գործունեությունը: Նոր դատարանի ստեղծումը կարծում եմ բերելու է սնանկության գործերի կանխատեսելի վարմանը, դատական միատեսակ պրակտիկայի ձևավորմանը, պետական ռեսուրսների խնայողությանը:

 

– Ի՞նչ արդյունքներ կարձանագրի այս դատարանի ստեղծումը։

Դատարանի արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել գործունեություն  ծավալելուց  որոշ ժամանակ հետո:

 

-Անդրադառնանք ԲԴԽ-ին։ Դուք եք արդյո՞ք դիմել Սնանկության դատարանի դատավորի թեկնածուի համար։

Սնանկության դատարան տեղափոխվելու ընթացակարգը սահմանված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, որով նաև ուղղակիորեն ամրագրված է քաղաքացիական գործեր քննող դատավորի կամահայտությունը, որը ենթադրում է դատավորի գրավոր արտահայտած ցանկությունը:

 

– Մանրամասնեք խնդրեմ ի՞նչ կարգով է անցել քննությունը։ Ինչպիսի՞ հարցեր են տրվել քննության ժամանակ։ 

Գիտե՛ք, «քննություն» որակումը տալ գործող դատավորների՝ այլ դատարան տեղափոխման համար ԲԴԽ-ի անդամների հետ կայացած հանդիպմանը՝ մեղմ ասած խեղաթյուրում է այդ գործընթացի էությունը:  Այն իր բնույթով, միմյանց նկատմամբ վերադասություն չունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջև, ոչ մասնագիտական գիտելիքների շուրջ հարցուպատասխանի ձևաչափով քննարկում է: Նմանօրինակ հանդիպումներ եղել են նաև ծառայողական առաջխաղացման ցուցակների ձևավորման, դատարանների նախագահների ընտրության ժամանակ:

 

-Կան արդյո՞ք սահմանված չափորոշիչներ որոնցով կողմնորոշվում է ԲԴԽ-ն դատավորի թեկնածուներ ընտրելիս: Ձեր պաշտոնական կայքում հանրային իրազեկում էր տեղադրված որում հղում է արվում ինչ որ չափորոշիչների։ Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչներին։

Ստեղծվելիք Սնանկության դատարանում աշխատելու համար, տրամաբանական է, որ դիմել են դատավորներ, որոնք վստահ են և՛ իրենց մասնագիտական գիտելիքների, և՛ հմտությունների վրա: Տրամաբանական է նաև, որ 12 տեղի համար դիմած 19 թեկնածուներից       7-ը չէր ընտրվելու: Կարծում եմ, ԲԴԽ-ն բավական բարդ ընտրության առաջ է եղել, քանի որ բոլոր թեկնածուներն էլ արժանի էին: Եվ, դրանով պայմանավորված, դժգոհությունն էլ երևի թե սպասելի էր: Սակայն եթե նախկինում դժգոհություն կար, ընդ որում արդարացված, այն առումով, որ առավելություն էր տրվել բացառապես իրավաբան-գիտնականներին,  ապա այս դեպքում ընտրությունը կատարվել է միայն դատավորների միջև: Պետք է արձանագրել, որ կառուցակարգերի լրացման առաջնային անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ հենց ծառայողական առաջխաղացման ցուցակների ձևավորման ժամանակ, որին հաջորդել են գործընթացներ՝ բարձրացված խնդիրները քննարկվել են Դատավորների ընդհանուր ժողովում, որին հաջորդել են օրենսդրական փոփոխություններ նախապատրաստելու աշխատանքները: Այսինքն, այն հարցերը, որոնք թվում էին մտահոգիչ, քննարկվել են բարձրաձայն, արվել են հետևություններ և՛ դատավորների, և՛ ԲԴԽ անդամների կողմից և պետք է արձանագրել, որ արված հետևություններն ա՛յս ընտրություններում կարծես կյանքի են կոչվել:

 

-Համարյա 4,5 տարվա տարվա սնանկություն գործեր քննելու փորձ ունեք։ Քանիսն ե՞ք քննել։

Դատավորների գործունեության  թափանցիկությունն  արտացոլված է առաջին հերթին առցանց տիրույթում՝ court.am, judge.am և datalex.am կայքերի միջոցով, ընդ որում վերջին կայքում տեղ է գտնում բոլոր տեսակի դատական գործերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Դրանում, իհարկե, արտացոլված է նաև սնանկության գործերի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում յուրաքանչյուր դատավորի քննած գործերի քանակի, տեսակի, ժամկետների, կայացրած դատական ակտերի բովանդակության վերաբերյալ: Այս առումով, դատավորների գործունեության թափանցիկությունը կարելի է  անգամ օրինակելի համարել:

 

-Մամուլում արդեն երկու օր է շրջանառվում է որոշ թեկնածուների կարծքիներ, որոնք քննադատում են Սնանկության դատարանի դատավորների քննությունը, կասկածի տակ դնելով ԲԴԽ-ի անաչառությունը։ Նրանք կարծիք են հայտնել, որ թեկնածուների մեջ եղել են դատավորներ, ովքեր սնանկություն գործեր քննելու փորձ չեն ունեցել։ Խնդրում եմ հայտնեք Ձեր դիրքորոշումը այս քննադատությունների  շուրջ։

Շատ ողջունելի է, որ լրատվամիջոցներն ուշադրության կենտրոնում են պահում դատական իշխանության գործունեությունը: Դրանով նաև ապահովվում են դատավորների հաշվետվողականությունը: Ինչ վերաբերվում է Սնանկության դատարանի դատավորների ընտրության սկզբունքին, ապա, դրա վերաբերյալ նախապես հրապարակվել են չափորոշիչներ: Մի բան ակնհայտ է. թեպետ Սնանկության  դատարան տեղափոխվելու համար սնանկության գործեր վարելու պարտադիր պայման առկա չի եղել, այնուամենայիվ հանրայնացված տեղեկատվության համաձայն՝ ինչպես դիմած, այնպես էլ ընտրված բոլոր դատավորներն ունեն սնանկության գործեր վարելու՝ առնվազն մի քանի տարվա փորձ: Ընտրության ընթացքում, կարծում եմ, պրոֆեսիոնալիզմին զուգահեռ հաշվի են առնվել նաև թեկնածուի անձնական որակները, մասնագիտական վարքագիծը, նրա նկատմամբ առկա  հանրային վստահությունը:

 

Հարցազրույցը՝ Հայկ Հակոբյանի

Առնչվող թեմաներ