ԱԱԾ-ն ձերբակալել է Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե­տին

17:56, Օգս 7, 2018


ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիս­ների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­­ների ար­դյուն­քում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջ­նորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշ­տոնատար անձինք, բժշկա­կան կենտրոնների աշխատակիցները, որ­պես կաշառք ստացած գումարների դիմաց, իրա­կա­նաց­րել են զորակոչիկներին պար­տադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքե­րով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ գտնվող ժամկետային զին­ծառայողներին նախ­ընտրելի զորամասեր տեղափոխելու, տարբեր ախտորոշումներով վաղա­ժամ­կետ զորացրելու գործընթացներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Նախապատրաստված նյութերի հի­ման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել և քննվել են քրեական գործեր, ինչի մասին հանրությանը պար­բերաբար իրազեկվել է և կոչ արվել` ձեռնպահ մնալ նման եղանակներով զին­վո­րական ծառա­յու­թյու­նից խուսափելուց:

Չնայած այդ հանգամանքին և բազմաթիվ նախազգուշացումներին, պետության անվտան­գու­­թյանն անմիջականորեն սպառնացող ապօրինի այդ գործընթացում ներգրավված անձինք դեռևս փոր­ձում են անօրինական ճանապարհներով գումարներ վաստակել:

Ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով նման հանցավոր երևույթ­ների դեմ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գոր­ծո­ղու­թյունների արդյունքում 2018 թվականի հուլիսին բացահայտել է ևս մեկ դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետ Ս.Բ-ն, 2018 թվականի առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամ­կետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասն իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին` ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի  մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին աշխատակից, պահեստա­զորի մայոր Մ.Գ-ին` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորա­կոչիկ­ների տարկետումը կազմակերպելու համար:

Պարզվել է նաև, որ Մ.Գ-ն դեռևս պաշտոնավարման ընթացքում 4000-ական ԱՄՆ դոլար գու­մարի դիմաց, կազմակերպել է թվով 2 այլ զորակոչիկների տարկետումներ տրամադրելու գործըն­­թացը: Բացի այդ, նա զինծառայության հետ կապված տարբեր հարցեր կարգավորելու պատրվա­­կով 7 այլ անձանցից վերցրել է 150-4000 ԱՄՆ դոլար գումարներ, սակայն ստանձնած պար­­տա­­վորությունների կատարման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով` խաբեու­թյամբ հափշտա­կել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեա­կան գործ: ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե­տը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը ձերբակալվել են: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նրանց մեղադրանք է առաջադրվել և ընտրվել խա­փան­ման միջոցներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առնչվող թեմաներ