Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում

17:30, Օգս 6, 2018


Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով, Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման  աշխատանքներն ավատին հասցնելու նպատակով, ս.թ. օգոստոսի 7-ին ժամանակավորապես՝ երկու օրով, կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ  շարժման  ուղղությամբ:

Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել.

-հանգույցի ստորգետնյա մասում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ՝ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը կդադարեցվի, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ՝ կազմակերպվելու  է  երկկողմ երթևեկություն:

-հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման  ներկայիս  ժամանակավոր  սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորին խուսափելու համար թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել  Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու փողոցներ-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունն ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: