Մանվել Գրիգորյանը պիտի պատասխան տա ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողների առաջ. Նաիրա Զոհրաբյան

13:05, Հնս 19, 2018


Ազգային ժողովի«Ծառուկյան» խմբակցության պատգամավորՆաիրա Զոհրաբյանը պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում շեշտեց, որ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հանցագործությունները մեկ կամ երկու օրվա հանցագործություն չէ: Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ այս ամենը երկար տարիներ եղած ամենաթողության արդյունք է, երբ մի անձ կարող էր ֆեոդալական կարգեր հաստատել մի ռեգիոնում՝ այն սարքելով իրեն պատանդ: «Ես առնվազն կարող եմ տարակուսել, որ իրավապահ համակարգը չի իմացել, թե ինչպե՞ս են, օրինակ, առաջնագծի համար նախատեսված շտապօգնության մեքենան և ամենագնացները հայտնվել Մանվել Գրիգորյանին պատկանող բազմաթիվ առանձնատներից մեկում, երբ առաջնագծում դրանց կարիքն այդքան կար: Մանվել Գրիգորյանը պիտի պատասխան տա: Նա պիտի պատասխան տա առաջին հերթին ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողների առաջ: Սա միանշանակ է, որովհետև այն զինվորները, ովքեր այդ օրերին փամփուշտ չունեին կրակելու, դրա մեղավորը նաև օրեր առաջ այստեղ նստած Արցախի, այսպես ասած, հերոսն է»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ այս ամբողջ շղթան պետք է բացահայտվի՝ հավելելով, որ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Մանվել Գրիգորյանը մենակ չէ: «Մեր երկրում բազմաթիվ ՄանվելԳրիգորյաններ կան, և նրանցից յուրաքանչյուրը պիտի պատասխան տա: Եթե մենք մեր երկրում խաղի նոր կանոն ենք սահմանում, ապա այդ կանոնի հիմնական կոդը պետք է լինի զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և բեսպրեդելի հանդեպ: Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա երրորդ դասարանի այն երեխաների առջև, որոնցից մեկի ծնողների հետ ես երեկ զրուցում էի: Այդ երեխան իր նամակում գրել էր. «Աղոթում եմ քեզ համար, իմ զինվոր», և որի ծնողը, գումար չունենալով, իրենց գյուղի խանութից պարտքով քաղցրավենիք է վերցրել, ուղարկել էր զինվորին, իսկ երրորդ դասարանի երեխան հպարտ էր, որ իր քաղցրավենիքը, իր աղոթքը հասել են առաջնագծում կանգնած զինվորին, սակայն մենք տեսանք, որ այդ երեխայի և բազմաթիվ այլ երեխաների հոգու նվերը հասել էր Մանվել Գրիգորյանի արջերին և մյուս գազաններին»,- ասաց Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց տարիներ առաջ Մանվել Գրիգորյանի հորդորները, թե «մեխն էլ ձեր ձեռքը, մուրճն էլ է ձեր ձեռքը, նալն էլ է ձեր ձեռքը: «Ես ընդամենը ասում եմ, որ հիմա նալն էլ, մուրճն էլ, մեխն էլ օրենքի և օրինականության ձեռքում է, և ակնկալում ենք, որ Մանվել Գրիգորյանը պետք է իր պատիժը ստանա»,- նշեց պատգամավորը:

Զոհրաբյանն անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանի կողմից Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակին, որում տեսակետ էր հայտնել, թե փրկելու է իր բարի համբավը: «Ես հիմա որպես քաղաքացի եմ խոսում: Ես կարծում եմ, որ սպա Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե, իհարկե, այդքան տղամարդկություն և քաջություն ունենա; Կարծում եմ, որ հասկացաք՝ ես ինչ նկատի ունեմ»,- եզրափակեց պատգամավորը: