Բանակի, զինվորի նկատմամբ ոտնձգություն կատարողը պետք է խստագույնս պատժվի. Գևորգ Կոստանյան

12:15, Հնս 19, 2018


Բանակի, զինվորի նկատմամբ ոտնձգություն կատարողը պետք է խստագույնս պատժվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին:

«Հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին: Դրանով ցույց ենք տալիս, որ շահագրգիռ ենք մի հարցում՝ ցանկացած անձ, ով ոտնձգություն կկատարի մեր բանակի, զինվորի նկատմամբ, անկախ նրանից, թե ով է, պետք է խստագույնս պատժվի: Այն, ինչ ԱԱԾ-ն ներկայացրեց, բոլորի համար շոկ էր: Ցանկացած անձի կողմից նման բան թույլ տալը կարելի է բնութագրել դավաճանություն՝ անկախ նրանից, թե ում կողմից է կատարվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Գևորգ Կոստանյանը:

Նկատի ունենալով անմեղության կանխավարկածի անվերապահ կիրառությունը՝ Գևորգ Կոստանյանը նշեց, որ կոնկրետ արարքին իրավական գնահատական տալ չի կարող: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին կողմ քվեարկելով՝ իրենք հնարավորություն են տալիս նախաքննության մարմնին իրականցնել քննություն և ի հայտ բերել բոլոր մեղավոր անձանց, պատասխանատվության ենթարկել:

Հարցին, թե այս գործում կարո՞ղ են, արդյոք, լինել ներգրավված պետական այլ պաշտոնյաներ, Գևորգ Կոստանյանն ասաց, որ չի կարող նման գնահատական տալ: «Կարծիքների, ենթադրությունների մակարադակով գնահատականներ չեմ կարող տալ»,-ասաց նա:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին: Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Խուզարկության ընթացքում Արշալույս գյուղի հանգստյան տուն, 28 հասցեից առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորի հանգստյան տանը հայտնաբերվել է սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Դիտվել է՝ 30 անգամ