Սեյրան Սարոյանը շոկի մեջ է. «ինչպես կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի»

11:59, Հնս 19, 2018


Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը շոկի է ենթարկվել իր զինակից ընկեր, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Սարոյանն ասաց, որ նա շատ փակ մարդ էր և նույնիսկ նրա երեխաները չգիտեին, թե նա ինչեր ուներ: «Մանվելի աջ ձեռքը չի իմացել ձախ ձեռքն ինչ է անում, ձախը չի իմացել աջը ինչ է անում: Ոչ մեկ չգիտեր Մանվելն ինչ ուներ,ես որտեղից իմանայի»,-ասաց պատգամավորը՝ Մանվել Գրիգորյանի արարքը համարելով խայտառակություն:

«Ես երեկվանից շոկի մեջ եմ, այդ երեխաների նամակները… Ես մեռած էի, թաղած չէի: Երեկ ամբողջ օրը բժիշկներն ինձ մոտ են եղել: Ոնց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի: Մանվելն ինչ չուներ, ինչն էր պակաս»,-ասաց նա՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը «համ խայտառակ եղավ, որը նշանակում է, որ Աստված պատժեց, համ էլ դատախազը պատժեց»: Սերյան Սարոյանն այս ձևակերպումն արեց հիշեցնելով իր՝ դեռևս 2016թ. ԱԺ ամբիոնից արած իր հայտարարությունը` «Տուշոնկա» գողացողին ավելի լավ է Աստված պատժի, քան՝ դատախազը»:

«Որ Մանվելն իմ ասածը լսեր, կամ դա կբաժաներ Երկրապահի սոված ժողովրդին, կամ կթափեր այն կողմ: Ինչպես կարող էի ես այդ մասին տեղյակ լինեն, դա աշխարհի ամենավատ բանն է: Ինքն էնպիսի երդումներա տվել, ինչ ասես բոլորս էլ կարող ենք ունենալ, բայց զինվորի հաց…»,-նշեց նա:

Սեյրան Սարոյանը կարծել է, թե ԱԱԾ աշխատակիցները Մանվել Գրիգորյանին տանում են՝ զենք զինամթերք պահելու համար: «Էդ որ մի երկրապահը չունի: Ում մտքով կանցներ, որ այդ մարդն այդքան կցածրանար: Ես դրա հետ չեմ շփվի»,-հավելեց ԱԺ պատգամավորը:

Հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Դատախազության հաղորդագրության համաձայն՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: