Հեղափոխության «մակաբույծները» կամ մի «չեղած» ընկերության պատմություն

10:59, Հնս 14, 2018


Հայաստանում է << EU-ASIA Business Finance Centre>> շքեղ անվանումով հոլդինգի նախագահ, Սլովակիայում բնակվող գործարար Աշոտ Գրիգորյանը, ով հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե իր ղեկավարած ընկերությունը պատրաստ է վերագործարկել Հայաստանի երբեմնի քիմիական հսկան՝ <<Նաիրիտը>>:

Բնական է,  որ նմանատիպ առաջարկ ցանկացած կառավարության՝ մանավանդ Փաշինյանի ղեկավարածի համար առաջնային կարևորություն ունի, որովհետև վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո բախվել է արդյունաբերական նախկին հսկայի աշխատակիցների՝ արդեն անլուծելի թվացող խնդիրների հետ: Չկա գեթ կառավարության նիստի ավանդական հինգշաբթի, երբ <<Նաիրիտի>> աշխատակիցները չհավաքվեն գործադիրի շենքի առջև ու արդարացիորեն չպահանջեն խնդիրների լուծում: Ու սա բնական է՝ մարդիկ պահանջում են իրենց չնչին աշխատավարձերի ամիսներով կուտակված պարտքերի մարումը:

Եվ պարզից էլ պարզ է, որ <<Նաիրիտը>> վերագործարկելու առաջարկն ուղղակի նվեր է ցանկացած գործադիրի՝ մանավանդ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար, ով իր ձևավորման առաջին իսկ վայրկյանից բախվեց սոցիալական ծանրագույն խնդիրների հետ: Թավշյա հեղափոխությունից հետո <<Նաիրիտ>> վերագործարկելը կդառնա Փաշինյանի հերթական հաղթաթուղը, որով նա, ինչպես ասում են, երկու նապաստակ կխփի: Առաջին գնդակով կլուծի մարդկանց օբյեկտիվ սոցիալական լարվածության հարցը և կվերագործարկի տնտեսական հսկային իր հազարների հասնող աշխատատեղերով և երկրորդն էլ կապացուցի, որ ՀՀԿ-ական իշխանությունները չէին գնացել այդ քայլին իրենց սեփական հաշվարկներից ելնելով:

Եվ այստեղ իսկապես կարելի է ատամներով բռնել այն առաջարկից, որ անում է <<EU-ASIA Business Finance Centre>>-ը, եթե չլինի մի շատ կարևոր բայց ՝ այդպիսի ներդրումային ընկերություն այդպիսի շքեղ անվանումով ուղղակի … չգտնվեց: Եվ այդ պարզելու համար բացարձակապես անհրաժեշտ չէ մեծ լրագրողական հետաքննություն իրականացնել, ընդամենը պետք է դիմել ամենազոր ինտերնետի օգնությանը, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ կազմակերպության հետ գործ ունենք, որ այս ճգնաժամային պահին հանդես է գալիս Փաշինյանի կառավարության համար երկնքից ընկած մանանա հիշեցնող առաջարկով: Երբ համացանցում փնտրում ենք այդ անվանումը, բերում է Աշոտ Գրիգորյանի՝ հայաստանյան մամուլին տրված մի քանի տասնյակ ինտերվյուներ, իսկ նմանատիպ անվանումով կայքում էլ որևիցե բառ անգամ չկա Գրիգորյանի կամ իր հիմնադրած ընկերության մասին: Ներդրումային բարձրագորգոռ անունով կազմակերպությունը, ստացվում է, կամ գրանցված է սլովակական որևիցե քաղաքում ու գյուղում, և, ինչպես ասում են, միայն <<փեչատ >> ունի, կամ ընդհանրապես ու երբեք որևիցե տեղ գործունեություն չի ծավալել: Հակառակ դեպքում, համաձայնվեք, որ նմանատիպ ընկերության մասին հնարավոր կլիներ գոնե մի քանի տող գտնել՝ ուրիշ ո՞ր երկրում է ներդրումներ արել, ինչպիսի՞ կազմակերպությունների հետ է աշխատել, ինչ հաջողված պրոեկտ է իրականացրել և այլն…

Ի դեպ, <<Նաիրիտը>> վերաբացելու առաջարկով նույն Գրիգորյանը դիմել է նաև ՀՀԿական Կարեն Կարապետյանի կառավարությանը: Վերջինս անգամ նրան ընդունել էր, նկարվել, իսկ գործադիրի մամլո ծառայությունը մի մեծ հաղորդագրություն էր ուղարկել ստացված հանդիպման մասին: <<Նաիրիտի>> աշխատակիցների մոտ կրկին հույս էր արթնացել, բոլորը ուրախ ու երջանիկ էին այնքան ժամանակ, քանի դեռ այդ օրերի էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը <<Հայոց աշխարհ>> օրաթերթին տված հարցազրույցում չէր ասել, որ երկար ու ձիգ բանակցություններից հետո Գրիգորյանն ուղղակիծրագիր չէր ուղարկել:  Ավելին, նախկին գործադիրի մասնագետները փորձել էին գտնել Գրիգորյանի ներդրողների կենսագրություններն ու անցած ճանապարհը, և, կրկին՝ 0 արդյունք:  Եթե նույն ինտերնետում շարունակենք փնտրելը, կնկատենք, որ <<EU-ASIA Business Finance Centre>>-ի  կամ նույնն է՝  Հայաստանում Գրիգորյանի հանդիպումների մասին  շատ բան կարելի է գտնել՝ կրկին նույն անարդյունավետությամբ:  Փոխարենը, մշտապես կարելի է գտնել վերոնշյալ անձի և իր քաղաքական գործընկեր, ռամկավարների նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի մասին հոդվածներ, որտեղ կա 0 խոսք իրական բիզնեսի մասին և շատ ու ամեն ինչից քաղաքականությունից իրենց փայը ստանալու մոլուցքի մասին: Ի դեպ, նույն Առաքելյանը Հայաստանը լքել է հարազատ կուսակցության փողերը ուտելու մեղադրանքով, որի մասին կա քրեական գործ ու այդպես էլ չի վերադարձել:

Ստացվում է, որ գործ ունենք դասական ավանտյուրիզմի հետ, որը, եթե ՀՀԿ-ական իշխանության օրոք կարող էր ընկալվել իբրև գործարարությանը խանգարող փորձ, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարության համար դրա ոչ ժամանակը կա, ոչ էլ փորձ անելու շռայլությունը: Երբ խոսվում է <<Նաիրիտի>> պես զգայույն խնդիրների մասին, և, ինչպես և ենթադրվում է՝ չեղած ներդրումային ընկերությունը չի կարող գործարար վերաբացել, ապա հարվածը վաղ թե ուշ գնալու է ուղիղ Նիկոլի ուղղությամբ և ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը նորից հարցնելու խորհրդարանում՝ պարոն վարչապետ, ի՞նչ եղավ Նաիրիտը:

Ընդհանրապես, Հայաստանի հետհեղափոխական իրականությունը հիշեցնում է գիշանգղերի պահվածքը, ովքեր բացարձակապես ներդրում չունեն եղած քաղաքական փոփոխությունների մեջ, բայց օդում սավառնելով՝ իրենց փայ լեշն են ուզում: Ու այստեղ շատ կարևոր է հիշել Երվանդ Օտյանի <<<Հեղափոխության մակաբույծներ>> պատմվածքների ֆանտաստիկ ժողովածուն, որը կարելի է արդիականացնել ու տարածել մերօրյա գրիգորյանների վրա:

Փաշինյանի կառավարության հիմնական խնդիրներից մեկը նմանատիպ բախտախնդիրներին իրենց կաբինետներից հեռու պահելն է, հակառակ դեպքում մի օր իրենց մասին էլ են ասելու՝ չթողեցին <<Նաիրիտը>> վերագործարկենք:

Պետք չէ, որպեսզի հայտնի ասացվածքի պես հեղափոխությունից օգտվեն տականքները, երբ դրանք իրականում ծրագրել են ռոմանտիկներն ու իրականացրել են ՀՀ քաղաքացիները, ովքեր առանց Գրիգորյանի չեղած կազմակերպության էլ լեցուն դարդ ու ցավ ունեն:

Գրիգոր Աշոտյան

Դիտվել է՝ 5,065 անգամ