ԲԴԽ-ն «մերժեց».Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չի հավաքել

20:20, Հնս 7, 2018


Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդ-հանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի առա-ջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, վեց տարի ժամկետով»:

«ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի համաձայն, ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում եւ կատարում է կազմակերպչական բնույթի մի շարք այլ գործառույթներ:

Էական է այն հանգամանքը, որ օրենսդրորեն Վճռաբեկ դատարանի նախագահն առաջին հերթին պալատի դատավոր է, ով իրականացնում է նաեւ Օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու առաջադրելու կարգը: Միաժամանակ՝ ի կատարումն ՀՀ Սահմանադրության 215-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի (համաձայն որի բոլոր դատարանների նախագահների նշանակումը կամ ընտրությունը պետք է իրակա-նացվի Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում), Օրենսգրքի 166-րդ հոդվածի 29-32-րդ մասերով սահմանվել են ներկա փուլում նման նշանակումների առանձնահատկությունները: Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում՝ իր հաստատած ժամանակացույցի համաձայն, Դատական դեպարտամենտից ստանում է համապատասխան դատարանների դատավորների ցուցակները եւ իրականացնում է առաջադրման գործընթացը:

Հետեւությունն այն է, որ.

    1. 1. Բոլոր դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների առաջադրումը, ընտրությունը կամ նշանակումը պետք է ավարտվի մինչեւ 2018թ. օգոստոսի 5-ը:

 

    1. 2. Նախագահների առաջադրումը պետք է կատարվի միայն տվյալ դատարանի առկա կազմից:

 

    3. Դատարանի նախագահն առաջին հերթին դատավոր է, ով արդարադատություն իրականացնելու հետ մեկտեղ իրականացնում է նաեւ լրացուցիչ այլ գործառույթներ:

Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղում դատավոր նշանակելու իրավակարգավորումները սահմանված են Օրենսգրքի 132 եւ 133-րդ հոդվածներով, համաձայն որոնց.

    1. 1. Վճռաբեկ դատարանի դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար Օրենսգրքով սահմանված կարգով 3 թեկնածուի ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը եւ ներկայացնում է Ազգային ժողովին:

 

    1. 2. Թեկնածու դատավորները պետք է ունենան թափուր տեղին համարժեք մասնագիտացում (քաղաքացիական եւ վարչական կամ քրեական)՝ նկատի ունենալով նաեւ, որ Օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն Վճռաբեկ դատարանում գործում են քրեական պալատը՝ 6 դատավորի կազմով ու քաղաքացիական եւ վարչական պալատը՝ 11 դատավորի կազմով: Ներկա դրությամբ Վճռաբեկ դատարանի նախագահը քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է:

 

    3. Թեկնածուների ընտրության գործընթացն սկսվում է թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողով ներկայացնելը՝ մեկամսյա ժամկետում:

Ներկայացված իրավակարգավորումները հաշվի առնելով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 2018թ. հունիսի 7-ի նիստում արձանագրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը եւ Օրենսգրքով սահմանված կարգով ձեռնամուխ եղավ այն համալրելու համար նախատեսված ընթացակարգերի իրականացմանը:

2018 թվականի մայիսի 10-ին հաստատված ժամանակացույցի հիման վրա՝ վերոնշյալ իրավակարգավորումները հաշվի առնելով, Բարձրագույն դատական խոր-հուրդը կազմակերպեց նաեւ Վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի ընտրություն:

Գաղտնի քվերակության արդյունքներով, ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Ասատրյան Համլետ – 2
Անտոնյան Սուրեն – 1
Ավանեսյան Վարդան – 0
Ավետիսյան Սերժիկ – 2
Բարսեղյան Արտակ- 0
Դանիելյան Ելիզավետա – 0
Դրմեյան Մամիկոն – 0
Թադևոսյան Լիլիթ – 0
Խունդկարյան Երվանդ – 2
Հակոբյան Գոռ – 2
Միքայելյան Ստեփան – 1
Պետրոսյան Տիգրան – 0
Պողոսյան Արթուր – 0
Տավարացյան Նախշուն – 0
Օհանյան Սամվել – 0

Դատական օրենսգիրքի 135-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների հաշվառ-մամբ, երկրորդ փուլ են անցել Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը։

Երկրորդ փուլի արդյունքներով թեկնածուներից Համլետ Ասատրյանը ստացավ 3, Սերժիկ Ավետիսյանը՝ 4 ձայն։

Հիմք ընդունելով ՀՀ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 10-րդ հոդվածի պահանջը՝ Բարձրագույն դատական խորհուրդը կանցկացնի նոր ընտրություն, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բարձրագույն դատական խորհրդի նույն օրվա նիստում նախատեսվեց նաեւ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով դատավորների թեկնածուների առկա ցուցակների հիման վրա (Օրենսգրքի 166-րդ հոդվածի 13 եւ 14-րդ մասերի հիմքով) տարբեր դատարաններում դատավորների թափուր տեղերը լրացնելու նպատակով Խորհրդի անունից ներկայացնել առաջարկություններ՝ ՀՀ վարչական դատարանում երկու տեղ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մեկ տեղ, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկ տեղ՝ քաղաքացիական մասնագիտացմամբ: