Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան ի հայտ բերեց երկու երկրների հարաբերություններում առկա հսկայական ներուժը. Զոհրաբ Մնացականյան

20:41, Հնս 4, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան շատ ջերմ էր ու շատ դրական: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այցն ի հայտ բերեց այն հսկայական ներուժը, որը մենք ունենք մեր հարաբերություններում՝ համագործակցելու միմյանց հետ՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկամության, մեր ժողովուրդների զարգացման․ այդ ներուժը ճանաչված է: Մենք երկրներ ենք, ժողովուրդներ ենք, որոնք ունեն միմյանց հետ ապրելու բավական երկար պատմություն: Մենք ունենք օրակարգ, որը համընկնում է, օրակարգ, որը բխում է մեր երկուսի շահերից: Մենք ունենք այդ ներուժն օգտագործելու լավ հնարավորություն և, այդ ամենը վերահաստատելով, ճանաչելով, մենք օրակարգ ենք ստեղծում, որը հնարավորություն է տալիս մեզ իրականացնել և շոշափելի դարձնել դրա արդյունքները: Այդ առումով ես շատ դրական եմ գնահատում այցը և դրական եմ գնահատում նաև, որ այցը տեղի էր ունենում իսկապես մի մթնոլորտում, որտեղ այդ պատրաստակամությունը առավել արտահայտված էր երկու կողմերից»,–   ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 30-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Վրաստան: Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Այցի շրջանակում վարչապետը հանդիպեց Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և այցելեց Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Ջավախք, Նինոծմինդա ու Ախալքալաք և հանդիպումներ ունեցավ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Առնչվող թեմաներ