Հայտնի է Վճռաբեկ դատարանում Սամվել Բաբայանի գործով փաստաբանի բողոքի քննության օրը

20:40, Հնս 4, 2018


ՀՀ վճռաբեկ դատարանը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով վարույթը քննելու է հունիսի 15-ին ժամը 11:00-ին. հայտարարում է Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը մայիսի 25-ին վարույթ էր ընդունել Սամվել Բաբայանի գործով բողոքը:

Բողոքը քննելու և վճիռը կայացնելու օրը պալատը կքննարկի նաև «Ելք» խմբակցության երկու պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի երաշխավորության հարցը: Նրանք երաշխավորություն էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ դրդել էր մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ մասնակցել ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ: