Արցախի կայունությունը վաղվա Միացյալ Հայաստանի հիմնաքարն է

19:22, Հնս 4, 2018


Հայ Արիական Միաբանությունը լրջորեն մտահոգված է հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպով, հատկապես, որ այն ստացել է հանրային վտանգավոր հնչեղություն:

Արցախցին միշտ տարբերվել է իր համբերատարությամբ եւ տոկունությամբ, ինչը թույլ է տվել հայկական այդ երկրամասում միշտ կասեցնել ոչ միայն նմանատիպ կենցաղային միջադեպերի ծավալումը, այլեւ օտարների փորձը՝ միջամտելու արցախցու ներքին կյանքին: Չի ստացվել, անգամ եթե օտարը դա փորձել է իրականացնել հայկական ապազգային կամ անգիտակից ուժերի միջոցով:

Արցախցու դիմակայությունը սթափ եւ կտրուկ է եղել: Եվ դա ճիշտ է: Դա թելադրում է արնախում թշնամիներով շրջապատված լինելը, հայկական երկրամասի պատերազմական իրավիճակում դեռ գտնվելը: Հենց դա է Արցախյան հակամարտության ներքին ու արտաքին կայունության գրավականներից մեկը՝ ամենազորավորը:

Հայ Արիական Միաբանությունը Արցախը հայկական երկրամաս է կոչում, քանի որ հետեւելով 1988-1990թթ. ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների որոշումներին՝ տարիներ առաջ, որպես համահայկական քաղաքական ուժ, հայտարարել է, որ ճանաչում է Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ՝ համարելով այն մեր միացյալ երկրի 12-րդ մարզը:

Բայց, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի քաղաքական եւ հասարակական ուժերը նույն կերպ չվարվեցին, ինչը կստիպեր մեր իշխանություններին մեկ անգամ էլ վերահաստատել վերամիավորման փաստը: Ինչեւէ, մենք հասկանում ենք, որ կա նաեւ քաղաքական միջազգային գործող իրավիճակ, ինչը մեզ երբեմն ստիպում է Արցախի Հանրապետությունը դիտարկել որպես տարածաշրջանում 2-րդ հայկական պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունից հետո:

Ավելի քան 30 տարի հայկական երկրամասի հայերը համայն հայության հետ պայքարում են իրենց մարդկային ու ազգային իրավունքների համար եւ կարողացել են աշխարհում մնալ այն միակ հակամարտության գոտին, որտեղ չկան խաղաղապահ օտար ուժեր, քանի որ Արցախի զինուժը մեկ անգամ չէ, որ սառեցրել է Ադրբեջանի զինական, քաղաքական, թե հասարակական տաք գլուխները…

Այս տարիների համայն հայության եւ մեր բարեկամ ազգերի ու երկրների համատեղ վաստակը չի կարելի հարցականի տակ դնել, ավելին՝ սասանել այն մտածողությունը, որ Արցախում բացառվում է ներքին պառակտումն ու անվստահության սերմանումը:

Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորել է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից: Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթեւակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը եւ անդրադառնալ սահմանային իրադրության վրա, նախարարությունը խորին մտահոգություն է հայտնել այդ եւ դրան հետեւած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Ինչպես բանակը, այնպես էլ ուժային կառույցներն ու քաղաքական ուժերը ընդունում են յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը եւ անթույլատրելի ու դատապարտելի համարում բռնության ցանկացած դրսեւորում: Բայց միաժամանակ այս բոլոր ուժերը հորդորում են զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող Արցախի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից եւ հարցի հանգուցալուծումը դիտարկում են բացառապես իրավական հարթությունում:

Մենք եւս կարծում ենք, որ այն, ինչ կատարվել է Ստեփանակերտում, պետք է լիարժեք հետաքննվի եւ փաստերի ամբողջականության մեջ պետք է վճիռներ կայացվեն:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, քննարկվել են մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող հարցերը։ Երկրի ղեկավարը կարեւորել է պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝  օրենքով սահմանված կարգով։

Արցախի խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը կհետեւի նետաքննության ընթացքին:

Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը եւս հայտարարություն է տարածել: Նա հետեւելու է իրավիճակին եւ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Արցախի դատախազությունը հրապարակել է տեսանյութ՝ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ: Փաստերի հիման վրա հարուցվել է քրեական գործ եւ տարվում է նախաքննություն: Դատախազությունը հրապարակել է Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների անունները։

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հանդիպել է բողոքի մասնակիցներին եւ վստահեցրել ամենաբարձր մակարդակով:

Հայ Սրիական Միաբանությունը եւս վճռական է եւ կլինի հետեւողական, չի կարող ընկալել անարդարացի որեւէ դատավճիռ:

Հայ Արիական Միաբանությունը այս ամենից հետո, այնուամենայնիվ կոչ է հղում Արցախի իշխանություններին, որպեսզի մնան անաչառ մինչեւ վերջ, որպեսզի բոլոր մեղավորները արժանանան համապատասխան պատիժների, ինչը թույլ կտա պահպանել ներքին համերաշխությունը, բարձր ոգին եւ թշնամիներին դիմակայելու կամքը:

Կոչ ենք անում նաեւ բողոքի ցույցերի մասնակցիվներին, որպեսզի զինվեն համբերությամբ եւ ընտրեն իրավական ճանապարհը: Այլապես չի բացառվում, որ օտար ուժերը փորձեն սադրել կողմերին: Իսկ նման օտարահպատակ ուժեր, ցավոք, նաեւ Հայաստանում կան

Այս հարցում մենք համամիտ ենք ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետին, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Արցախում, մենք էլ ենք կոչ անում ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ սատարել Արցախի ղեկավար Բակո Սահակյանին՝ հասնելով արդարության վերականգնմանը այս հարցում:

Կարծում ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս քայլ կձեռնարկի Արցախում կայունությունը պահպանելու առումով: Առավել եւս, արդեն հարցեր են առաջ եկել նաեւ միջազգային ասպարեզում, որոնց եւս պետք է պատրաստ լինի վարչապետը, հատկապես, որ այստեղ պայքարը դեմ առ դեմ է լինելու՝ առանց համացանցային մեկնաբանությունների

  1. Ռուսաստանյան կողմը անհասկանալի ու ոչ կառուցողական է համարել Նիկոլ Փաշինյանի այն թեզը, թե ինքը կմասնակցի ԵԱՀԿ ՄԽ բանակցություններին, եթե սեղանի շուրջ նստի նաեւ Արցախի ներկայացուցիչը:
  2. Այս հարցով Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաեւ Արեւմուտքի դիմադրությանը:
  3. Ադրբեջանի նախագահը անցել է հակընդդեմ քայլի եւ հայտարարել, որ պնդելու է, որպեսզի ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները եւս մասնակցեն բանակցություններին: Այսպիսով՝ նա կարող է համաձայնել այն մտքի հետ, որ Արցախի ներկայացուցիչը պարզապես դիտարկվի որպես ԼՂ-ի հայ համայնքի ներկայացուցիչ:
  4. Չի բացառվում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այս տեսակետին համաձայնի, որպեսզի իբր նոր շունչ տա հարցի լուծմանը, առավել եւս, որ նրանք բոլոր հարցերին նայում են հավասարության աչքերով, առանց ճշմարտության փաստարկի…

Արցախի խնդիրը կարող է անուղղակի առնչվել նաեւ Թուրքիա-Սիրիա եւ Իսրայել-Իրան ծավալումներին, այլ տարածաշրջանային գործընթացների, ինչպես Սիրիայի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումն է եւ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը…

Արցախին առնչվող ցանկացած հարց կարող է այս համապատկերում դիտարկվել, հետեւաբար պետք է չափից ավելի աչալուրջ լինել ու բացառապես առաջնորդվել  ազգի մնայուն շահով՝ վասն վաղվա Միացյալ Հայաստանի: Իսկ Արցախի ամրությունը այդ նպատակի առաջին քայլն է:

 

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

Երեւան-2018թ.