Դավիթ Համբարձումյանի համար սպասելի էր իր ազատ արձակումը

16:17, Հնս 2, 2018


Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի համար սպասելի էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի իրեն ազատ արձակելու վերաբերյալ որոշումը: հունիսի 2-ին լրագրողների հետ զրույցում Համբարձումյանն ասաց, որ գոհ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նման որոշումից:

«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցե արդարադատությունը: Անկեղծ սպասելի էր, և ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք»,- ասաց Համբարձումյանը:

Վաղ առավոտից Մասիս քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց և պահանջում Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազատ արձակումը:

2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: