Արտակ Զեյնալյանն անհրաժեշտ է համարում խախտված իրավունքների օրինական ընթացակարգերով վերականգնումը

20:19, Հնս 1, 2018


ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը անհրաժեշտ է համարում անձանց արդար դատաքննության իրավունքի ապահովումն ու երաշխավորումը, սակայն կարծում է, որ որևէ իրավունք չի կարող հակադրվել այլ իրավունքներին: Այս մասին պաշտոնյան հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով «Սասնա ծռերի դատն ընթանում է առանց ամբաստանյալների ներկայության, փողոցներ են փակվում, ինչպես կգնահատի իրավիճակը» հարցադրմանը:

«Ես արդարադատության նախարարն եմ, արդարադատության նախարարությունը արդար դատաքննության կամ դատական իշխանության հետ ուղղակի առնչություն չունի: Իհարկե, պետք է ապահովել ու երաշխավորել անձանց արդար դատաքննության իրավունքը, սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած իրավունք չի կարող հակադրվել այլ իրավունքների հետ»,-ասաց արդարադատության նախարարը:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ հարցին, ապա Արտակ Զեյնալյանը նշեց, որ քաղբանտարկյալ լինելու-չլինելու վերաբերյալ պետք է հետևել մասնագիտացված կառույցների գնահատականին, որոնք օգտագործում են «խղճի բանտարկյալ» եզրույթը: Նախարարի խոսքով՝ նման մասնագիտացված կառույցներ Հայաստանում չկան: «Կան հասարարական կազմակերպություններ, որոնք բավականին հեղինակավոր են ու տալիս են իրենց դիրքորոշումն ու եզրակացությունը, բայց դա խորհրդատվական բնույթի է: Որպեսզի անձինք վերականգնեն իրենց խախտված իրավունքները, կա ընթացակարգ՝ օրինական, իրավական, որը ապահովում է մի շարք կարևորագույն սկզբունքներ՝ իրավական անվտանգության, իրավական որոշակիության և իրավական կայունության: Դրանք ևս չի կարելի հակադրել այլ կարևորագույն սկզբունքների հետ: Արդյունքում հասարակական հարաբերությունները ապասահմանադրականանում են, մեզ անհրաժեշտ է  վերականգնել հասարակական հարաբերությունների սահմանադրականությունը»,-նշեց նախարարը: