Բարձրագույն դատական խորհուրդը եվրաինտեգրման գործընթացում

12:56, Հնս 1, 2018


Մայիսի 30-ից հունիսի 1-ը Լիսաբոնում հրավիրվել է Դատական խորհուրդների Եվրոպական միավորման Վեհաժողովը, որին մասնակցում են Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մալթայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Շոտլանդիայի, Ալբանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Մոնտենեգրոյի, Նորվեգիայի, Սերբիայի, Շվեդիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, ինչպես նաև Հայաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները:

Վեհաժողովի բուն աշխատանքները մեկնարկել են մայիսի 31-ին։ Օրակարգում ընդգրկված հիմնական հարցերն են.
– դատական իշխանության անկախությունն ու հաշվետվողականությունը և արդատադատության որակը,
– հանրային վստահությունը և արդարադատության կերպարը (իմիջը),
– թվային արդարադատություն,
– Պորտուգալիայի դատական բարեփոխման դասերը. առավելություններն ու հնարավորությունները,
– դրական փոփոխության ուղղորդումը. փոփոխություններ իրականացնելու, արդարադատական մշակույթի և դատական համակարգի համար դատական խորհուրդների դերի վերաբերյալ խմբային քննարկումներ,
– դրական փոփոխությունների հանգեցնող գործողությունների ծրագրի ներկայացում և քննարկում:

Վեհաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հանդիպումը Դատական խորհուրդների եվրոպական միավորման նորանշանակ նախագահ, Հոլանդիայի Դատական խորհրդի փոխնախագահ և գերագույն դատարանի անդամ Կեյս Սթերքի հետ։ Շնորհավորելով Կեյս Սթերքին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Հայկ Հովհաննիսյանը նրան է փոխանցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի ողջույնի ուղերձը և Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը։

լուսանկարը ՝ sputnik