Միջազգային ծրագրերի քննարկումներ Բավարիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների (ՎԿԳՀ) համալսարանում

17:11, Մայիս 31, 2018


Մայիսի 29-30-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցան ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՎԿԳՀ միջազգային ծրագրերի պատասխանատու (DAAD, Erasmus+, TOPAS), գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերի, արևելաեվրոպական ծրագրերի և ՀՀ-ում DAAD կրթական ծրագրերի պատասխանատու դոկտոր, պրոֆեսոր Յոհաննես Հոլցների, ՎԿԳՀ «Կենսազանգվածի» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն դոկտոր Նիկոլաս Ալթի, Erasmus+ և TOPAS ծրագրերի համակարգող, ՎԿԳՀ գիտաշխատողներ դոկտոր Արամ Արիստակեսյանի, դոկտոր Հայնց-Փեթր Վոլֆի հետ և ՎԿԳՀ-ում ՀԱԱՀ հայ ուսանողների հետ հանդիպումները: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • «Ագրարային մենեջմենթ» հայալեզու և գերմանալեզու մագիստրոսական ուսումնական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացը
  • «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ուսումնական ծրագրերի շրջանակներում կրկնակի դիպլոմների շնորհման կարգը և գործընթացի առանձնահատկությունները
  • ՎԿԳՀ և ՀԱԱՀ համատեղ կրթական ծրագրերի (DAAD, Erasmus+ և TOPAS) ընթացքը
  • ՀՀ-ում ՀԱԱՀ և գյուղատնտեսական քոլեջների բազայի հիման վրա ուսումնա-գիտաարտադրական կենտրոնի ներդրման և գործարկման ընթացքը
  • ՀԱԱՀ-ում գերմաներեն լեզվի իմացության և տարածման համար ուսուցման կենտրոնի հիմնադրման հնարավորությունները

Պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերը, շնորհավորելով ռեկտոր Արշալույս Թարվերդյանին, տեղեկացրեց, որ վերը նշված միջազգային հավատարմագրումն անթերի համագործակցության արդյունքում երկարաձգվել է մինչև 2021թ. սեպտեմբեր: Հավատարմագրման վկայագիրն արդեն ուղարկվել է ՀԱԱՀ:
2017թ. դեկտեմբերին ՎԿԳՀ և ՀԱԱՀ առաջին չորս շրջանավարտները ստացան միաժամանակ երկու բուհերի դիպլոմներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսի 1-ին ՎԿԳՀ համալսարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ առավել հստակեցնել երկու բուհերի կրկնակի կամ երկակի դիպլոմների տրամադրման հնարավորությունը և ստորագրվելիք համաձայնագրի դրույթները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերը նշված ծրագրերի շրջանակներում առավել ընդլայնել ուսանողների, մագիստրանտների և դասախոսների գործնական ուսուցման բարելավմանն ուղղված միջոցառումները: Առավել ակտիվացնել ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման, շարժունակության խթանմանը միտված միջոցառումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Erasmus+ և TOPAS ծրագրերի շրջանակներում առաջիկա շաբաթների ընթացքում սկսել գիտահետազոտական և ուսանողների դիպլոմային աշխատանքների համար նախատեսված տվյալների բազայի ստեղծման աշխատանքները: