Առողջապահության նախարարը հրապարակելու է միլիոններ մսխած պաշտոնյաների անունները

13:29, Մայիս 30, 2018


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պատրաստվում է հրապարակել զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անունները:

Նա այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին` ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսեների, որոնք պետք է երկրի ղեկավարության առաջ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»,-գրել է Թորոսյանը և  վստահեցրել, որ ունենալու ենք այնպիսի առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ արտոնյալ չի լինելու՝անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապերից: «Հավանաբար, կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի, սկսեմ արդեն տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անունները: Դրա ժամանակն էլ կգա…շուտով…»,-նշված է նախարարի գրառման մեջ: