Սարի թաղում ինքնաձիգից կրակ արձակած քաղաքացին ներկայացել է ոստիկանության բաժին

12:51, Մայիս 30, 2018


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 29-ին զանգահարել էր 1991 թ. ծնված Ս. Ս.-ն և հայտնել, որ նախկին ընկերը՝ 1983 թ. ծնված Ա․Կիրակոսյանը, բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ և մեկ այլ ավտոմեքենայով հեռացել, իսկ կրակված պարկուճներն իր մոտ են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը ժամը 23.30-ին Ա․ Կիրակոսյանը, նկատելով Ս. Ս.-ին իր ծանոթի հետ մի ավտոմեքենայում միասին նստած, ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել և անհայտ մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկի մոտից հայտնաբերվել էին 5,45 մմ տրամաչափի 19 փամփուշտի կրակած պարկուճներ: Նույն օրը, ժամը 1.10-ին, Ա․ Կիրակոսյանը ներկայացել է բաժին: Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում Ա․Կիրակոսյանը տվել է խոստովանական ցուցմունք և ոստիկաններին ներկայացրել ԱԿ-74 ինքնաձիգը՝ երկու փամփշտատուփով և 5,45 մմ տրամաչափի 35 փամփուշտով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Ա․Կիրակոսյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: