ՄԻԵԴ նախագահը ՀՀ ՄԻՊ աշխատանքը միջազգային լավագույն փորձի օրինակ է համարում

12:31, Մայիս 30, 2018


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 29-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը և դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու, օրենսդրական նախագծեր մշակելու, Եվրոպական դատարանում քննվող գործերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ կարծիքներ ներկայացնելու առաջարկվող պրակտիկան և այլն:

Ըստ Եվրոպական դատարանի գործընկերների՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս նոր նախաձեռնությունները միջազգային լավագույն փորձի օրինակ են և ավելի կնպաստեն դատարանի իրավական չափանիշների ներդրմանը: Բարձր է գնահատվել ՄԻՊ զեկույցների որակը, որոնք հաշվի են առնվում դատարանի կողմից վճիռներ կազմելիս:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը դատարանի վճիռների կատարմանը և համագործակցությունը Նախարարների կոմիտեի հետ:

Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Գիդո Ռայմոնդիին իր աշխատանքը գնահատելու համար և նշել, որ այն շարունակաբար ուղղված է լինելու դատարանի իրավական չափանիշների ներդրմանը երկրի իրավական համակարգում: