«Բերդ» Պրահայի կենտրոնում. հայ երիտասարդներն Առաջին Հանրապետության 100- ամյակին նվիրված միջոցառում են նախաձեռնել

19:59, Մայիս 28, 2018


Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հաղթանակների 100-ամյակին նվիրված` Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում հայ երիտասարդների նախաձեռնությամբ հետաքրքիր միջոցառում է անցկացվելու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Չեխիայի Հայ երիտասարդական միության համահիմնադիր Ալբերտ Ղազարյանը նշեց, որ իրենց նախաձեռնությամբ և «Ուրարտու» հայ-չեխական ընկերության աջակցությամբ Պրահայի Վացլավի հրապարակում կբեմադրեն «Բերդ» պարը:

Ղազարյանի խոսքով՝ երիտասարդները արդեն մի քանի ամիս է ինչ փորձեր են անում, և այսօր արդեն պատրաստ են պատշաճ կերպով ներկայանալ հանրությանը:

«Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին սկսեցինք մտածել, թե Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով ինչ կարելի է կազմակերպել և որոշեցինք պարել «Բերդ»-ը: Այդ պարի ընտրությունը պատահական չէ, քանի որ այն ուժի պար է, և մենք ցանկանում ենք ցույց տալ, որ  հայ ազգը պինդ է և ամուր»,- ընդգծեց Չեխիայի Հայ երիտասարդական միության համահիմնադիրը:

Նա ասաց, որ իրենց մտահղացմանն աջակցել է «Ուրարտու» հայ-չեխական ընկերությունը:

«Բացի մեր միության անդամներից` նախաձեռնությանը միանալու են նաև այլ ակտիվ հայ երիտասարդներ, ովքեր գրեթե միշտ մասնակցում են տարբեր միջոցառումների, որոնք վերաբերում են Հայաստանին: Պարելու են 20 հոգով` 10 տղա և 10 աղջիկ: Երիտասարդները չեն կրի հայկական տարազներ, սակայն միանման կլինեն՝ սպիտակ և սև շապիկներով, որոնց վրա պատկերված կլինեն Հայաստանի զինանշանն ու դրոշը»,- եզրափակեց նա: