Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի մասնակիցները փակեցին Արգիշտի-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը

16:40, Ապր 18, 2018


Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները փակեցին Արգիշտի-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը: Հավաքի մասնակիցները մինչ այդ երթ էին իրականացրել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, եղել են ուսումնական հաստատություններում, որից հետո շարժվել Երևանի քաղաքապետարանի ուղղությամբ: Երթի ընթացքում տարբեր վանկարկումներով, կոչերով հավաքի մասնակիցները դասադուլի, իրենց միանալու կոչեր էին հնչեցնում: Փաշինյանը հայտարարում է, որ երթերը խաղաղ բնույթ են կրում:

Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել  բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր:

Առնչվող թեմաներ