«Ելք»-ն առաջարկում է վերադառնալ բենզինի և սեղմած գազի նախկին դրույքաչափերին և նվազեցնել եկամտահարկը

13:34, Փտր 16, 2018


Ազգային ժոդովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեկնարկած արտահերթ նիստում պատգամավորների քննարկմանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգիրքը, որը 200 տոկոսով բարձրացրել է ակցիզային հարկը սեղմած գազի համար՝ 8300 դրամից դարձնելով 25 հազար դրամ, 60 տոկոսով բարձրացրել բենզինի համար նախատեսված ակցիզային հարկը՝ 25 հազար դրամից հասցնելով 40 հազար դրամ, իսկ դիզվառելիքի վաճառքը մտցրել ավելացված արժեքի հարկի հարկման դաշտ: «Հունվարի հենց առաջին տասնօրյակում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ հունվարի 1-ին հաջորդած բենզինի թանկացումը 15 տոկոսով, դիզվառելիքի թանկացումը 15 տոկոսով, սեղմած գազի թանկացումը 15 տոկոսով պայմանավորված է ակցիզային նոր դրույքաչափերի ուժի մեջ մտնելու հետ: Ես նաև ցանկանում եմ նաև հիշեցնել, որ ակցիզային հարկն անուղղակի հարկ է, և դրա համար, ըստ էության, վճարում է ոչ թե տնտեսավարողը, այլ քաղաքացին, քանի որ դա գնի վրա դրված հավելաճ է»,-  նշեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ներկայացված նախագծով առաջարկում են վերադառնալ սեղմած գազի և բենզինի ակցիզային հարկի նախորդ դրույքաչափերին՝ այսինքն, բենզինի համար այն դարձնել 25 հազար դրամ, սեղմած գազի համար՝ 8300 դրամ, ինչպես նաև դիզվառելիքի վաճառքը հանել ավելացված արժեքի հարկով հարկման դաշտից:

Միևնույն ժամանակ, «Ելք»-ն առաջարկում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար եկամտահարկը գործող 23 տոկոսի փոխարեն դարձնել 21 տոկոս, 150 հազար դրամից մինչև 450 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար՝ գործող 28 տոկոսը դարձնել 26 տոկոս, իսկ 450 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 28 տոկոս:

Փաշինյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում քաղաքացիները հնարավորություն կստանան դիմակայել երկրում նկատվող գնաճին:

Դիտվել է՝ 93 անգամ