«Սևան» ազգային պարկում նախատեսվում է Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցում

13:23, Փտր 16, 2018


ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը:

 «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության և 2018-2023 թթ․ միջոցառումների ծրագրի  հիմնական նպատակն է պարկի արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման ռազմավարական ուղղությունների ներկայացումը, որի հիմքում ընկած է ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը՝ տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ:

«Նախատեսվում է Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու» կառուցում, Սևանա լճի առափնյա երեք տարածքների (Լճաշեն-Ծովագյուղ, Շորժա-Վարդենիս, Մարտունի-Գավառ) զբոսաշրջային զարգացման հայեցակարգի և հատակագծի մշակում, այցելուների երկու կենտրոնի ստեղծում Սևանում և Մարտունիում»,– նշված է ռազմավարության մեջ:

Պարկի գրավչության, տնտեսական ակտիվության բարձրացման, զբոսաշրջության զարգացման, հանգստի և զվարճանքի նոր օբյեկտների կառուցման համար առանձնացվել են ռազմավարական ուղղություններն ու նպատակները՝ պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծում, կառավարման պլանի մշակում,  ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժում, ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրում, օգտահանման և խախտված հողատարածքների վերականգնման ծրագրերի մշակում, Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում սողանքային տարածքների գույքագրում, սողանքների մոնիտորինգի համակարգի մշակում և այլն:

Նախատեսվում նաև «Սևան» ազգային պարկի տարածքների պահպանության նպատակով նոր տեխնոլոգիաների ներդրում, ափամերձ գոտում այլընտրանքային էներգիայի կայանների ստեղծում:

Առնչվող թեմաներ