Ռումեն Ռադևը ցանկանում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին նվիրված Խաղաղության տակառը բացվի շուտով

13:23, Փտր 13, 2018


Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ այցելեց Երևանի կոնյակի գործարան: Նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակությունը շրջեցին գործարանի «Արարատ» թանգարանում և ծանոթացան հայկական «Արարատ» կոնյակի պատմությանն ու արտադրական գործընթացին:
Ռումեն Ռադևը կանգ առավ նաև Խաղաղության տակառի մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին՝ ի պատիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդների՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող՝ 1994թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է Խաղաղության, քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Բուլղարիայի նախագահը գրառում կատարեց գործարանի հուշագրքում՝ գրելով. «Ցանկանում եմ, որ տակառը բացվի շուտով»:

Նախագահ Ռադևը եղավ նաև Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է «Արարատ» կոնյակների բացառիկ հավաքածու՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչև մեր օրեր: Թանգարանի նախագահական անցուղին համալրվեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի անվանական տակառով, որի վրա նա թողեց իր ստորագրությունը: Այնտեղ պահվում է նաև 2014թ. գործարան այցելած Բուլղարիայի նախկին նախագահ Գեորգի Պարվանովի անվանական տակառը:

Նախագահ Ռադևը նվեր ստացավ 30 տարի հնեցմամբ ԱՐԱՐԱՏ «Էրեբունի» կոնյակ:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի պետական այցը Հայաստան մեկնարկել էր փետրվարի 11-ին: