Պատրիարքական ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորն Աթեշյանն է. «Ակոս»-ի սյունակագրի անդրադարձը

14:46, Փտր 7, 2018


Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղղված նամակում պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի մասին արված «այսպես կոչված» ձևակերպումը համայնքի շատ անդամների մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել: Հայկական «Ակոս» պարբերականի սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն անդրադարձել է նամակի բովանդակությանն ու մասնավորապես արված ձևակերպմանը «Այսպես կոչված պատրիարքական փոխանորդը» խորագրով հոդվածում:

Հեղինակը հիշեցրել է, որ նամակում ներքին գործերի նախարարությունից հայտնում էին, որ քանի դեռ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ողջ է, պատրիարքական աթոռը թափուր չէ և փաստորեն նոր պատրիարքական ընտրություններ չեն կարող անցկացվել: Բացի այդ, նշվում էր, որ պատրիարքի բացակայության պայմաններում միակ պաշտոնական ներկայացուցիչը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից պատրիարքական տեղապահ ընտրվելը և դրանից հետո ընդունած բոլոր որոշումներն անվավեր են: Նամակում մասնավորապես տեղ էր գտել «այսպես կոչված պատրիարքական տեղապահ» ձևակերպումը (խմբ.- Թուրքիայում «այսպես կոչված» ձևակերպումն ընդունված է օգտագործել Հայոց ցեղասպանության մասին խոսելիս):

«Մարդիկ, ովքեր մտածում են, թե այդ ձևակերպումը պատահաբար է գրվել, սխալվում են: Այս ձևակերպումը Թուրքիայի հայերը շատ լավ գիտեն: Տասնյակ տարիներ ի վեր այն վերածվել է նրանց վրա խորհրդանշական ճնշման գործիքի: Սակայն եթե ստեղծված իրադրությունում «այսպես կոչվածի» պիտակավորմանն արժանի պաշտոն կա, ապա դա «պատրիարքական փոխանորդի» պաշտոնն է: Սա բացարձակապես հորինված, Աթեշյանի համար ստեղծված պաշտոն է»,- նշում է Քըլըչդաղըն` հավելելով, որ ներկայում ստեղծված իրադրության գլխավոր մեղավորը հենց նա է:

Անդրադառնալով Մութաֆյանի առողջական վիճակի վերաբերյալ ՆԳՆ արած հայտարարությանը՝ հեղինակը գրում է. «Առողջական խնդիրները ողջ աշխարհում պաշտոնը թափուր համարելու ամենահստակ և գործող պատճառներից են: Նախարարությունը մի իրադրությունում է, որը հերքում է բացարձակ և տրամաբանական ճշմարտությունը: Մասնավորապես, այստեղ խոսք է գնում ծանր նևրոլոգիական հիվանդության մասին և դժբախտաբար, Մեսրոպ Մութաֆյանը տարիներ ի վեր կոմայի մեջ է: Ինչպե՞ս կարելի է ասել, որ այս իրավիճակը պատճառ չէ պաշտոնը թափուր համարելու համար: Գոյություն ունի տրամաբանություն: Ներկայում փաստացիորեն ի՞նչ տարբերություն կա մահացած անձի և Մութաֆյանի իրավիճակի միջև»:

Հեղինակն արդարացիորեն ընդգծում է, որ եթե նրա վիճակի մեջ որևէ խնդիր չկա, ապա ինչու էր պետությունը կողմ պատրիարքական փոխանորդի պաշտոնին, որում նշանակվել էր Աթեշյանը: «Եթե գործնականում պատրիարքի պաշտոնը թափուր չէ, ապա փոխանորդի կարիք էլ չկա: Իսկ եթե թափուր է, ապա միայն ժողովրդի քվեարկությամբ պետք է զբաղեցվի: Ստացվում է, որ նախարարության նամակն ինքնին ասում է, որ Մութաֆյանը դադարեցրել է պատրիարքարանի ղեկավարումը»,- գրում է Քըլըչդաղըն:

Հոդվածի վերջում նա հիշեցնում է, որ փետրվարի 7-ին Ստամբուլի նահանգապետարանում հայկական համայնքի ներկայացուցիչները հրավիրված են հանդիպմանը, որին հնարավոր է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի մասնակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հանդիպման մասնակիցները չեն քաշվի և կբարձրաձայնեն պատրիարք ընտրելու իրենց ցանկության մասին: «Եվ ինչո՞ւ պետք է քաշվեն: Այդտեղ որևէ անարդար, անիրավ կամ անհարգալից պահանջ չկա: Պատրիարք ընտրելու ցանկության մեջ թե նրանց, թե ցանկացած հայի գլուխը բարձր է, իսկ ճակատը՝ պարզ (երևի թե բացառությամբ մեկ-երկուսի): Կարծում եմ, որ հանդիպման մասնակիցները և իրենց, և մեր դեմքը գետնով չեն տա»,- եզրափակել է հեղինակը: