Դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարի հետ

14:30, Փտր 7, 2018


Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը փետրվարի 6-ին հանդիպում ունեցավ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Միհայ-Վիորել Ֆիֆորի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով դեսպան Մինասյանին՝ նախարար Ֆիֆորը նշեց, որ Ռումինիայի նոր կառավարության ձևավորումից և ազգային պաշտպանության նախարարի պաշտոնում իր վերանշանակումից հետո սա իր առաջին հանդիպումն է օտարերկրյա դեսպանի հետ՝ գոհունակությամբ փաստելով, որ այդ հանդիպումը հենց Հայաստանի դեսպանի հետ է:

Դեսպան Մինասյանն ընդգծեց, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բարենպաստ միջավայր է ստեղծում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար: Դեսպան Մինասյանը նշեց նաև միջազգային ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության կարևորությունը Հայաստանի համար՝ երկրի զինված ուժերի արդիականացման և զարգացման գործընթացի լույսի ներքո: Հայաստանի դեսպանն ընդգծեց, որ երկկողմ շփումները կնպաստեն ռազմական համագործակցության հնարավոր ուղղությունների ուրվագծելուն:

Նախարար Ֆիֆորը ողջունեց երկխոսության խթանման և երկկողմ օրակարգի ձևավորման գաղափարը, որը կարող է ընդգրկել նաև ռազմական և պաշտպանական ոլորտի կրթությունը, ռազմական բժշկությունը և այլ բնագավառներ:

Անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հակամարտությանը և նշվեց, որ խնդրի կարգավորումը պետք է ընթանա բացառապես բանակցությունների միջոցով, երկխոսության ճանապարհով՝ հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Դիտվել է՝ 11 անգամ