ՀՀ դատարանների կողմից լրիվ եվ մասնակի արդարացվել է 180 անձ. Դատական դեպարտամենտն ամփոփել է տարին

14:20, Փտր 7, 2018


ՀՀ դատարանների կողմից նախորդ տարվա ընթացքում կայացվել է 143 դատական ակտ 180 անձի վերաբերյալ, որից 142 (78.9%) անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 38 (21.1%) անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիշյալ թվերի մեջ ներառված են նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումները (4 դատական ակտ` 4 անձի վերաբերյալ), որոնց արդյունքում անձանցից 3-ը ձեռք են բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 1-ը՝ մասնակի:

143 դատական ակտերից 47 դատական ակտ` 63 անձի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ:

180 անձանցից 156-ը (86.7%) արդարացվել են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից, 23-ը (12.8%) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, իսկ 1-ը (0.5%) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 1 դատական ակտ՝ 1 անձի վերաբերյալ, բեկանվել է և օրինական ուժ է տրվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատական ակտին (հիշյալ գործը ներառված է ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված արդարացումների թվում):

Բացի այդ, ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից լրիվ կամ մասնակի արդարացված 8 անձանց նկատմամբ կայացված դատական ակտերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են (հիշյալ 8 թիվը ներառված չէ վերը նշված լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի մեջ):

Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունների մեջ առավել շատ տարածված են միջին ծանրության և ծանր հանցագործություններով առաջադրված մեղադրանքների դեպքերը, մասնավորապես` ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով արդարացվել է 34 անձ (18.9%), միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝ 67 անձ (37.2%), ծանր հանցագործության մեղադրանքով՝ 59 անձ (32.8%), իսկ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝ 7 անձ (3.9%):

Բացի այդ, առկա են դեպքեր, երբ անձանց առաջադրված է եղել միաժամանակ երկու մեղադրանք, մասնավորապես` ոչ մեծ ծանրության և ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 2 անձ, միջին ծանրության և ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 6 անձ, միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 3 անձ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 2 անձ:

Լրիվ կամ մասնակի արդարացված 180 անձանցից 176-ը (97.8%) հանդիսացել են չափահասներ, իսկ 4-ը (2.2%)` անչափահասներ:

Արդարացվածներից 161-ը (89.4%) հանդիսացել են արական սեռի ներկայացուցիչներ, իսկ 19-ը (10.6%)` իգական սեռի ներկայացուցիչներ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լրիվ կամ մասնակի արդարացված 180 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց առավել հաճախ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

180 անձանցից 112-ի (62.2%) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել ստորագրություն չհեռանալու մասին, 5-ի (2.8%) նկատմամբ` հրամանատարության հսկողության հանձնելը, 4-ի (2.2%) նկատմամբ` ծնողների հսկողության հանձնելը, 1-ի (0.6%) նկատմամբ՝ անձնական երաշխավորությունը, 3-ի (1.7%) նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, 55-ի (30.5%) նկատմամբ կալանքը, որից 12-ի (6.7%, 21.8%) նկատմամբ կիրառվել է գրավ: Այսինքն, փաստացի 43 (23.9%) անձ է գտնվել կալանքի տակ և կայացված վերջնական դատական ակտով լրիվ կամ մասնակի արդարացվել:

Լրիվ արդարացված 142 անձանցից ընդամենը 19-ի (13.4%) նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրված եղել կալանավորումը:

Դիտվել է՝ 100 անգամ