Դատական նիստի լուսաբանումը թույլատրելու համար բավարար կլինի դատավարության մասնակիցների համաձայնությունը

14:08, Փտր 7, 2018


Վարչական դատավարության ընթացքում դատական նիստը լուսաբանելու թույլտվություն ստանալու  համար լրագրողները  ստիպված չեն լինի ունենալ դատավարության մասնակիցներից մեկի միջնորդությունը. դատական նիստի լուսաբանումը կլինի դատավարության մասնակիցների համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ գործող օրենսգրքի 100-րդ հոդվածը ձևակերպում ունի, որ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են դատավարության մասնակցի միջնորդությամբ և դատարանի թույլտվությամբ: «Դատավարության մասնակցի միջնորդությամբ եզրույթը մտահոգություններ էր առաջացրել հատկապես դատական նիստերի լուսանկարահանմամբ և տեսանկարահանմամբ զբաղվող լրագրողների շրջանում: Բանն այն է, որ այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի միջնորդությունն անհրաժեշտ էր, որպեսզի իրենք իրականացնեին այդ լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը, սկզբունքորեն ստեղծվում էր իրավիճակ, երբ լրագրողը ակամայից հայտնվում էր դատավարության մասնակիցների մեկի կողմում, և, ըստ էության, նրա անաչառությունը կարող էր կասկածի տակ դրվել: Այս կարգավորումը նաև որոշակի առումով հենց լրագրողների մտահոգությունները փարատելուն է ուղղված, որովհետև երբ լրագրողը պարտավորված է դիմել դատավարության մասնակիցներից մեկին, որպեսզի նա միջնորդի իր համար, բնականաբար, մյուս կողմի մոտ կարող էր հարց առաջանալ, թե ինչո՞ւ է դատավարության մյուս մասնակիցը միջնորդում լրագրողի համար: Այս նախագծի ընդունման ազդակները եկել են լրագրողական համայնքից»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ դատական նիստի լուսանկարահանումը, տեսանկարահանումը և տեսաձայնագրումը, ինչպես նաև ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով հեռարձակումը կատարվում է դատավարության մասնակից կողմերի համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ: «Գաղափարը հանգում է նրան, որ ոչ թե պետք է լինի դատավարության այս կամ այն մասնակցի միջնորդությունը, այլ պիտի լինի երկու կողմերի համաձայնությունը, որի արդյունքում դատարանը կտա թույլտվություն լուսաբանում իրականացնելու համար: Այսինքն՝ լրագրողը դատավորին է հարցնում՝ կարո՞ղ է լուսաբանել նիստը , ով իր հերթին հարցնում է կողմերին, եթե նրանք չեն առարկում, դատարանը տալիս է թույլտվություն»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը:

Արփինե Հովհաննիսյանը նաև հավելեց, որ վարչական մարմնի վրա նախատեսվում է լրացուցիչ բեռ դնել, որպեսզի դատական նիստի լուսաբանմանն առարկելու դեպքում ներկայացնի պատշաճ բացատրություններ: «Քաղաքացիական դատավարության պարագայում, երբ, օրինակ, իրականացվում է սեփականության իրավունքի հետ կապված դատավարություն, կողմերից մեկն առանց որևէ բացատրություն ներկայացնելու կարող է հայտարարել, որ ինքը չի ցանկանում, որպեսզի նիստը լուսաբանվի. դա բավարար է, որպեսզի դատարանը թույլտվություն չտա: Վարչական դատավարության դեպքում այս նախագծով առաջարկվում է դնել լրացուցիչ բեռ, վարչական մարմինը պետք է ներկայացնի բացատրություն, թե ինչու է դեմ, որպեսզի դատական նիստը լուսաբանվի, եթե դատավարությանը մասնակից ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի առարկում: Վարչական մարմինը չի կարող ասել, որ տրամադրությունը լավ չէ, նյարդային վիճակում է, չի ուզում, որ իրեն դեմքի այդպիսի արտահայտությամբ տեսնեն և այլն: Վարչական մարմինը պետք է պատշաճ և հիմնավոր բացատրություն ներկայացնի»,- հավելեց Հովհաննիսյանը: