Փաստաբանների պալատի նախագահը հանդիպում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին

18:40, Փտր 6, 2018


Այսօր առավոտյան փաստաբանները հայտարարել էին, որ պատրաստում են մեկ օրյա բողոքի ակցիա իրականցնել: Բողոքի այս ակցիան կապված է Կառավարության կողմից Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացված  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հետ:

Այս քայլին հաջորդեց որոշ ՙանհանդուրժող՚ փաստաբանների հրապարակած լուսանկարը, որտեղ Փաստաբանների պալատին սպասարկող ծառայողական մեքենան կանգնած է ՀՀԿ գրասենյակի առջև՝ գրառումով. ՙԳործադուլի ծանր նախապատրաստական աշխատանքներ… (Արա Զոհրաբյանը ՀՀԿ_ում )՚: Այս առնչությամբ պարզաբանումներ է հրապարակել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

ՙԱկնհայտ ապակողմնորոշիչ տեղեկությունները հերքելու նպատակով, հայտնում եմ, որ՝
1. Բողոքի ակցիայի վերաբերյալ նախաձեռնող խմբի հայտարարությունն ընդունվել է 2018թ. փետրվարի 6-ին ժամը 11:30-ի սահմաններում, այն հրապարակվել է փաստաբանների պալատի կայքում ժամը 12:39:
2. Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հանդիպումը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ եղել է ժամը 13:15-ից հետո:
3. Այս հարցի կապակցությամբ Փաստաբանների պալատի նախագահը հանդիպման պայմանավորվածություն ունի Ծառուկյան դաշինքի և Հանրապետական կուսակցության խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ վաղը ՀՀ Ազգային ժողովում: Նույն հարցի առնչությամբ քննարկումներ արդեն եղել են Ելք խմբակցության ներկայացուցիչների հետ և պայմանավորվածություն պետք է ձեռք բերվի ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: