Նաիրա Զոհրաբյանը ՀՅԴ-ին կոչ արեց սատարել ռեյտինգային ընտրակարգը վերացնելու իրենց նախաձեռնությանը

14:47, Փտր 6, 2018


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՅԴ-ին առաջարկեց համապետական ընտրությունների ռեյտինգային համակարգը վերացնելու իրենց նախաձեռնության շուրջ կոնսենսուս ձևավորել:

Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորը հիշեցրեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու և պարզ, 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու օրենքի նախագիծ, որի քննարկումը հանձնաժողովում հետաձգվել է:

«Մենք իշխանական կոալիցիայի անդամ ՀՅԴ մեր գործընկերներին կոչ ենք անում միանալ մեր նախաձեռնությանը և այս հարցի շուրջ կոնսենսուս ձևավորել, հատկապես, երբ կուսակցության Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն են տեսնում»,- ասաց Զոհրաբյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը հանձնաժողովում հետաձգվել է, սակայն հարցն օրակարգում է և առաջիկայում քննարկվելու է:

Դիտվել է՝ 15 անգամ