Կվերանորոգվի Ասլամազյան քույրերի պատկերասրահը

11:20, Փտր 5, 2018


ՀՀ նախագահի Գյումրիին նվիրած գումարով կվերանորոգվի Ասլամազյան քույրերի պատկերասրահը: Այս պահին ընթացքի մեջ են նախահաշվային փաթեթի կազմման աշխատանքները:
Այս մասին տեղեկացրեց պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը: Աշխատանքներն իրականացվելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ Գյումրիին նվիրած 100 մլն դրամ գումարի շրջանակում: Այդ գումարով նախապես որոշվել էր Գյումրու Աբովյան ճեմափողոցում 12 արձանախումբ տեղադրել, սակայն հանրային բաց քննարկումների արդյունքում քաղաքային իշխանությունները որոշեցին այդ գումարն ավելի նպատակային ծախսել՝ տրամադրելով նույն ճեմափողոցում գտնվող Ասլամազյան քույրերի պատկերասրահի շենքի վերանորոգմանը։


Գումարի շրջանակում կիրականացվեն ջեռուցման համակարգի տեղադրման, կոյուղու, բակի վերականգնման, պատշգամբի նորոգման, ներքին հարդարման աշխատանքներ: Կին արվեստագետների պատկերասրահի համար կգտնվեն նաև ժամանակակից սարքավորումներ, կտպագրվի կատալոգ: Սակայն ամենակարևորը պատկերասրահի տնօրենը համարում է դրենաժային համակարգի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա այսուհետև խուսափելու մշտապես առկա խոնավությունից: «2004 թվականին շենքը ամբողջովին վերանորոգվել էր, սակայն ջրահեռացման համակարգ չունենալու պատճառով առաջացած խոնավությունը շենքը կրկին վերանորոգելու խնդրի առջև է կանգնեցրել»,-նշեց Վահագն Ղուկասյանը:


Որոշակի ձևափոխության կենթարկվի բակը, այն կսալապատվի և կունենա փոքրիկ ամառային ցուցասրահ, իսկ վթարային դարձած պատշգամը կնորոգվի՝ պահպանելով նախկին տեսքը: Կլուծվի նաև չցուցադրվող մոտ 200 նկարի ցուցանակների հարցը:


Պատկերասրահը Գյումրիում գործում է 1987 թ. նոյեմբերի 7-ից: Մարիամ Ասլամազյանի 70-ամյակի կապակցությամբ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը գյումրեցիներին նվիրեցին իրենց աշխատանքներից մոտ 620 բնօրինակ, իսկ շենքը տրամադրեցին քաղաքային իշխանությունները: Պատկերասրահը երկհարկանի է: Առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդ հարկում` Մարիամ Ասլամազյանի գործերը: Պատկերասրահում պահպանվում և ցուցադրում են Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները:

Արմենուհի Մխոյան

Դիտվել է՝ 27 անգամ

Առնչվող թեմաներ