Սերժ Սարգսյանը կարևորել է ՄԻԵԴ դերը Հայաստանում արդարադատության որակի բարձրացման առումով

16:48, Հնվ 24, 2018


Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանն ականջալուր է եղել իր գործընկերների թե քաջալերանքին, թե քննադատությանը: Անկասկած և մեկը, և մյուսն իրենց նպաստն են բերել Հայաստանի առաջընթացին: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այս ողջ ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք Վենետիկի հանձնաժողովի հետ, որի փորձագիտական կարծիքի հիման վրա լրամշակվել է սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Փոխվստահության մթնոլորտում արդյունավետ այս աշխատանքը շարունակվում է առ այսօր՝ բարեփոխված սահմանադրության ներքո բազմաթիվ օրենսդրական լուծումները կյանքի կոչելու գործընթացում: Դա լավագույնս դրսևորվեց Հայաստանի ընտրական նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ, որն ընդունվեց տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ թափանցիկ, հանրության առավել բարձր վստահությունն ապահովելու համար»,– ասաց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ նոր ընտրական օրենսգրքի կենսունակությունը լավագույնս դրսևորվեց 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որին հրավիրված մեծ թվով դիտորդական առաքելությունների թվում էր նաև ԵԽԽՎ պատվիրակությունը:

ՀՀ Նախագահը նշեց, որ ընտրական նոր օրենսգրքի շնորհիվ Ազգային ժողովում հատկացված են պարտադիր տեղեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: «Դա ևս մեկ քայլ է առավել մասնակցային կառավարում ապահովելու ուղղությամբ: Այժմ բարեփոխման ընթացքում են դատական, քրեական, քրեական դատավարության օրենսգրքերը, հանրաքվեի ու սահմանադրական դատարանի մասին օրենքները:

Մենք քաջ գիտակցում ենք, որ իրավունքի գերակայության երաշխավորումը հնարավոր է միայն արդյունավետ, անկախ, կոռուպցիոն ռիսկերից զերծ դատական համակարգի պայմաններում»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա նշեց նաև, որ այս համատեքստում Հայաստանը կարևորում է ՄԻԵԴ դերը, որի որոշումներն ու վճիռները կարևոր նշանակություն են ունենում մեր երկրում արդարադատության որակի բարձրացման առումով:

Դիտվել է՝ 68 անգամ