Վաղուց հասունացել է ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակը. Սերժ Սարգսյան

16:00, Հնվ 24, 2018


Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարեց, որ վաղուց հասունացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ժամանակը: ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ընթացքում ՀՀ Նախագահն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: «Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ և հաղթահարի արդարության պակասուրդը: Ես այս հարցում միշտ առաջին շարքերում եմ լինելու` որտեղ էլ որ գտնվեմ»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը հավելեց, որ կողմերը պետք է միասին ստանձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը` գտնելով փոխզիջումային հանգուցալուծում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացն այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն է: Այս ձևաչափին բազմիցս իր աջակցությունն է հայտնել միջազգային հանրությունը, այդ թվում` Եվրոպայի խորհուրդը: Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած հանձնառությունը պահանջում է հակամարտության բոլոր կողմերի համատեղ ջանքերը: Սակայն Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան: 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղեկցվեց խաղաղ բնակչության և ռազմագերիների դեմ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներով»,- ասաց ՀՀ Նախագահը:

Նրա խոսքով` դա ծանր հարված էր բանակցային գործընթացին, որն արթնացրեց Սումգայիթի ջարդերի մասին սոսկալի հուշերը: «Ցավոք, երբեմն այս վեհաժողովում էլ տեղ են գտել զարգացումներ, որոնք հաշվի չեն առել նշածս իրողությունները` ջուր լցնելով նրանց ջրաղացին, ովքեր շահագրգռված չեն խնդրի խաղաղ հանգուցալուծման մեջ: Վեհաժողովի բոլոր անդամներին կոչ եմ անում գիտակցել, թե ինչ բացասական հետևանքներ կունենան անզգույշ կամ կողմնակալ ձևակերպումներն Արցախում առկա առանց այդ էլ փխրուն կայունության վրա»,- նշեց Նախագահ Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանի խոսքով` պատերազմի մշտական վտանգի ներքո Արցախը շարունակում է ժողովրդավարություն կառուցել և խրախուսել մարդու իրավունքների պաշտպանությունը: «Այս բոլոր ձեռնարկներում Հայաստանը թև ու թիկունք է լինելու Արցախին, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի շահերը և իրավունքները, նպաստելու է Արցախի անվտանգության ապահովմանը»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

Դիտվել է՝ 18 անգամ