Էրեբունու զինվորական կոմիսարիատի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել 10 հազար դոլարի չափով խարդախության համար

19:01, Հնվ 22, 2018


ՀՀ ՊՆ Էրեբունու զինվորական կոմիսարիատի նախկին պաշտոնյա Վարդգես Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար:  հունվարի 19-ին գործը վարույթ   է ընդունել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

«Վարդգես Համբարձումյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ Էրեբունու զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պետի, զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնը, կաշառք ստանալու պատրվակով, 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Արսեն Վարդանյանից պահանջել է 28000 ԱՄՆ դոլար, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 4-ին իր աշխատասենյակում, վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիցս ստացել է դրա մի մասը և հափշտակել առանձնապես խոշոր չափերով 4 միլիոն 783 հազար 800 դրամին համարժեք 10 հազար ԱՄՆ դոլարը»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ:

Վարդգես Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ Վարդգես Համբարձումյանն  իրեն առաջադրված  մեղադրանքն ընդունում է և այս պահին խափանման միջոցի բողոքարկման  հարցը դեռևս չի քննարկվում:

«Առաջին դատական նիստից հետո պարզ կլինի մեր անելիքները»,-  ասաց նա:

 

Դիտվել է՝ 22 անգամ

Առնչվող թեմաներ