Պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստվել է 176 աղջիկ. հետպատվաստումային ռեակցիա չի եղել

10:05, Հնվ 22, 2018


Պապիլոմա վիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) պատվաստումները, որոնք մեկնարկել են 2017 թվականի դեկտեմբերի 11-ից, ընթանում են բնականոն հունով: Մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդություններն ու դրանց հետևանքով առաջացած բարդությունները, և հորդորում ժամանակին կատարել Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները, այդ թվում նաև` ՄՊՎ-ի դեմ: Այն կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը: Այսօր պատվաստելով Ձեր երեխային, ապագայում կպաշտպանեք նրան քաղցկեղից:

Հիշեք, պատվաստումները վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցն են: Դրա վառ ապացույցը Հայաստանում կարմրուկի դեպքերի բացակայությունն է` պատվաստումներում բնակչության բարձր ընդգրկվածության շնորհիվ: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։ Կարմրուկի դեպքեր գրանցվում են Ուկրաինայի ողջ տարածքում՝ այդ թվում նաև Կիևում և Օդեսայում: Ուկրաինայի  առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ համաճարակի պատճառը կարմրուկի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունն է։

Առնչվող թեմաներ