Ֆրանսիայի հայ համայնքը կրկին օրակարգ կբերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը

10:50, Հնվ 19, 2018


Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է 2018 թվականին կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը: Այս մասին նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:

«Ակտիվ աշխատում ենք իրավաբանների հետ: Անպայման լուծում կգտնենք հարցը կրկին օրակարգ բերելու համար: Սա միայն Հայ դատի խնդիր չէ, Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպություններն իրենց ջանքերն են ուղղում այս գործին»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Տարվա ընթացքում Ֆրանսիայում Հայ դատի հանձնախումբը շարունակելու է հայկական հարցերի հետ կապված աշխատանքը: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ այս տարի զգալի անելիք կա խորհրդարանական դաշտում:

«Ընտրություններից հետո խորհրդարանի պատգամավորների զգալի մասը փոխվել է և ոչ բոլորն են բավական լավ տեղեկացված հայկական հարցերի վերաբերյալ: Հետևաբար մենք պետք է ակտիվ աշխատանք տանենք պատգամավորների հետ»,-ասաց նա:

Այս տարի նախատեսվում է կազմակերպել Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների այցը Հայաստան, Արցախ: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ լավ առիթ է Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյա հոբելյանը:

«Նախատեսում ենք մասնակցել հոբելյանի շրջանակում Հայաստանում սպասվող միջոցառումներին` հրավիրելով Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների: Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առիթով միջոցառումներ կանցկացնենք Ֆրանսիայում` համախմբելով մեր գործընկերներին:100-ամյակին պետք է ակտիվ աշխատել, վերհանել հայ-ֆրանսիական բարեկամության պատմության էջերը: Ի դեպ, քչերին է հայտնի, որ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տարիներին Ֆրանսիայում կար մեր երկրի դեսպանությունը»,-ավելացրեց Հարութ Մարտիրոսյանը! :

Տարվա ընթացքում Ֆրանսիայի հասարակությանը կներկայացվեն գրքեր, ֆիլմեր` կապված Արցախի իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ժխտողականության և այլ հարցերի մասին: