Արմեն Ամիրյանը տեղում գնահատել է Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը

14:23, Հնվ 18, 2018


Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փոխնախարար Արև Սամուելյանի հետ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին Գյումրիում էր՝ տեղում գնահատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը։

Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018 թվականի դեկտեմբերին, Գյումրու Ս. Ամենափրկիչեկեղեցու ներսը, դուրսը և հարակից տարածքը պետք է ամբողջովինվերանորոգված, ավարտուն տեսքի բերված լինեն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, եկեղեցին, որը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում, կառուցվել է 1860-1873 թվականներին: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը: Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից է: Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին, սակայն բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի մեծ օղակաձև պատուհաններ: Դրա արևմտյան մասում է գտնվում զանգակատունը:

Եկեղեցու բավական հարուստ հարդարանքն առանձնանում է զարդաքանդակներով: Խորհրդային իշխանությունը 1930-ին եկեղեցին առգրավել էր և փակել: Ժամանակի ընթացքում դրա գմբեթը քանդվել է, իսկ 1937-ին պայթեցվել զանգակատունը:

1964 թվականին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնել է զանգակատունն իր նախկին տեսքով: Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը վերափոխվել է համերգային դահլիճի, որտեղ հնչել են Բախի, Մոցարտի, Կոմիտասի գործերը: Եկեղեցու շենքը, որը դիմակայել էր 1926-ի երկրաշարժին, անզոր գտնվեց 1988 թվականի աղետի դեմ:

90-ականների սկզբին հիմնվել է «Ամենափրկիչ» հիմնադրամը` տաճարի, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգման նպատակով: Եկեղեցին վերականգնվել է ՀՀ կառավարության կողմից հատուցված, ինչպես նաև մի շարք բարերարների կողմից նվիրաբերած միջոցների հաշվին: Վերականգնման աշխատանքները տևել են 20 տարուց ավելի: 2002-ից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսն իր վրա է վերցրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

2014 թ. եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել և տեղադրվել են եկեղեցու խաչերը։

Նախկին կառույցից պահպանված ամեն մի քար օգտագործվել է նոր շենքը կառուցելիս: Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել և ցած էր ընկել, վերականգնման ենթակա չէր: Այնուամենայնիվ, այն պահվում է եկեղեցու բակում: Եկեղեցու պատերն ամրացվել են երկաթբետոնե կառուցվածքներով: Ինչպես հավաստիացնում են մասնագետները, այս մոնոլիտ կառույցը կանգուն կմնա դեռ հարյուրամյակներ:

Առնչվող թեմաներ