Գալուստ Սահակյանն ունի ՀՀ նախագահի նախընտրելի թեկնածու, սակայն չի շտապում բարձրաձայնել

16:54, Հնվ 17, 2018


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդարանի նախկին խոսնակ Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահի պաշտոնում նախընտրելի թեկնածու ունի, սակայն այդ մասին բարձրաձայնելու համար վաղ է համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ այդ մասին կխոսի, երբ կուսակցությունը կքննարկի այդ հարցը:

Հարցին՝ իր կարծիքը համընկնո՞ւմ է կուսակիցների կարծիքի հետ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բնականաբար, ես այն քաղաքական գործիչն եմ, որ երբ ինչ-որ բան ասում եմ, հետևաբար կա մի զանգված, որը կիսում է իմ կարծիքը, կան քննարկումներ, ինչի հիման վրա էլ ես ասում եմ իմ խոսքը»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ ՀՀԿ-ականներ արդեն սկսել են խոսել վարչապետի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին՝ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չկան: «Ես անընդհատ ուրիշ բան եմ ասում, լրագրողներն այլ բան են ասում: Ես ժամանակի ընթացքում այս թեմային անդրադարձել եմ, սակայն հիմա չեմ ուզում նույն խնդրին անդրադառնալ, որովհետև այս պահին նաև քննարկումներ են գնում, թե ով պիտի լինի վարչապետ»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ ինքը երբեք քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում: «Ես ասում եմ, որ ժամանակաշրջանի մեջ կան մարդիկ, ովքեր ավելի լավ կարող են անել իրենց վստահված աշխատանքը»,- եզրափակեց Սահակյանը:

 

Դիտվել է՝ 103 անգամ

Առնչվող թեմաներ