Ստանիսլավ Տարասովն առաջիկայում արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրում չի կանխատեսում

12:55, Հնվ 16, 2018


Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը թեպետ ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցային գործընթացում առարկայական փոփոխություններ չի տեսնում, այնուամենայնիվ, 2017 թվականը դրական է համարում այնքանով, որ տեղի չունեցավ հակամարտության սրում եւ չկրկնվեց 2016 թվականի ապրիլը: Նրա խոսքով՝ 2017 թվականին բանակցային գործընթացը բավականին դժվարությամբ էր առաջ գնում. այն, ինչ հարկավոր է կողմերին այս փուլում, բանակցային նոր ձեւաչափն է:

«Այո, այս ընթացքում  առաջ քաշվեցին մի շարք նոր պայմաններ, որոշակի փոխզիջումային տարբերակներ, սակայն, ամեն դեպքում, այն բուն առարկան, որի մասին խոսվում է բանակցությունների ժամանակ, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է»,- ասաց քաղաքագետը՝ ինչպես նախկինում, այժմ եւս ընդգծելով, որ ցանկալի է Ստեփանակերտի ներգրավվածությունը բանակցային գործընթացին:

«Անգամ եթե այդ պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրվի, միեւնույնն է, դրանք իրականացնել հնարավոր չի լինի առանց Ստեփանակերտի ներգրավվածության թե՛ տեխնիկական, թե՛ այլ մակարդակներով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդիսանում են միջնորդներ, դիվանագիտություն են իրականացնում Բաքվի եւ Երեւանի միջեւ եւ լինում են նաեւ Ստեփանակերտում,  այսինքն՝ եթե դիվանագիտական լեզվից անցում կատարեք սովորականի, դա նշանակում է, որ նրանք փաստացիորեն ճանաչում են  Ստեփանակերտը որպես հակամարտության կողմ, եւ պետք է նրա հետ եւս բանակցություններ վարել»,-նշեց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝  Ադրբեջանում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված՝ նախագահ Իլհամ Ալիեւը ցանկանում է պահպանել բանակցողի դիրքերը եւ կարմիր գիծը չանցնել: Այդ իսկ պատճառով, Ստանիսլավ Տարասովն առաջիկայում իրավիճակի լուրջ սրում չի կանխատեսում:

«Ադրբեջանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացներն այդքան էլ հեշտ չեն: Արեւմուտքը այդքան էլ լավ չի նայում «հավերժ ղեկավարի» գաղափարին, քանի որ  այն ցանկանում է տեսնել հստակ ժողովրդավար գործընթաց»,-ասաց Ստանիսլավ Տարասովը՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ բանակցությունները պետք  է վարել համեմատաբար կայուն իրավիճակում:

«Չի կարելի բանակցություններ վարել եւ միաժամանակ կրակ բացել. դա նորմալ չէ»,-եզրափակեց քաղաքագետը: