Թուրքիայի քաղաքացիական իշխանություն-բանակ փոխհարաբերությունները 20-րդ դարի երկրորդ կես 21-րդ դարի սկիզբ. 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձը

19:14, Հնվ 15, 2018


ԱՐԵՆ ՊԵՏՈՒՆՑ

Նախաբան

Թուրքիայի Հանրապետության պատմության բոլոր փուլերում (1923թ-ից մինչև այսօր) բանակը քաղաքական-հասարակական կյանքում մշտապես ունեցել է կարևոր դերակատարում և մասնակցություն: Բանակը պետության քաղաքական և հասարակական կյանքում տեղի ունեցող պրոցեսներում զուտ հանդիսատեսի դերում չի եղել և մշտապես ակտիվ ներգործություն է ունեցել քաղաքական գործընթացների վրա, երբեմն էլ անմիջականորեն միջամտել դրանց: Հանրապետական Թուրքիայում բանակը 4 անգամ` 1960, 1971, 1980, 1997 թվականներին միջամտել է քաղաքական գործընթացներին, որոնց արդյունքում տապալվել են տվյալ պահին իշխող ուժերը: Այս հիմնական միջամտություններից բացի թուրքական բանակի առանձին սպաների կամ սպայական առանձին խմբերի կողմից նախաձեռնվել են հեղաշրջման փորձեր` 1962, 1963 թվականներին, որոնք հաջողությամբ չեն պսակվել: Հայտնի է, որ 1997 թ.-ից հետո մի քանի անգամ` 2003-ին «Բալյոզ» («Մեծ մուրճ») և 2007-ին («Էրգենեքոն» կազմակերպության գործունեությունը), բանակը ծրագրել է իրականացնել հեղաշրջում: Նախկինում էլ քրեական գործեր են հարուցվել, որի ընթացքում պարզվել է, որ ծրագրված են եղել հեղաշրջման տարբեր սցենարներ, բայց ի տարբերություն 2016թ.-ի հուլիսի 15-ի, որի ժամանակ եղան փոխադարձ կրակոցներ և զոհեր, այդ սցենարները տեսական հարթությունից չեն անցել գործնական քայլերի: Սույն հոդվածում ներկայացված է Թուրքիայի քաղաքական կյանքում բանակի ունեցած դերակատարումը 20-րդ դարի 2-րդ կեսին և 21-րդ դարի սկզբին, ինչպես նաև երկրի քաղաքական և հասարակական կյանքում բանակի ունեցած միջամտությունների ձևերը, մեթոդներն ու տեսական սահմանումները: Այս հոդվածի նպատակն է պատկերացում տալ ժամանակակից Թուրքիայում տեղի ունեցող կարևոր զարգացումների, բանակ-հասարակություն, բանակ-քաղաքական ուժեր հարաբերությունների, երկրի հասարակական-քաղաքական կյանքում բանակի ունեցած դերակատարության, ինչպես նաև 2016-ի հուլիսի 15-16 տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի և Թուրքիայի 2017թ-ի ապրիլին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում բանակի դերի վերափոխման վերաբերյալ:

 

Բանակի միջամտություններն ու դրանց տեսակները

Բանակ-հասարակություն (քաղաքացիական իշխանություններ) փոխհարաբերությունները և դրանց վերաբերյալ ուսումնասիրությունները ռազմական սոցիոլոգիան հատկապես հատուկ կարևորության և ուշադրության է արժանացրել 20-րդ դարի երկրորդ կեսից, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զինվորականների դերը պետությունների քաղաքական կյանքում ձեռք է բերել նոր բնույթ և կարևորություն:

Բանակ-հասարակություն փոխհարաբերությունների վերաբերյալ կատարված հետազոտություններում  լայն տարածում է ստացել Էրիկ Նորդլինգերի տեսությունը:

Էրիկ Նորդլինգերի տեսոության համաձայն` երբ զինվորականությունը չի ենթարկվում քաղաքացիական իշխանություններին,  միջամտում է երկրի ներքաղաքական կյանքին, ինչպես եղել է Թուրքիայի պարագայում,  այդ փոխհարաբերությունները բաժանվում են 3 խմբի` կարգավորող, խնամակալ և իշխող:

Կարգավորող միջամտությունների ժամանակ զինվորականները ուղղակիորեն չեն վերցնում իշխանությունը, այլ սպառնալիքների և ճնշումների միջոցով արգելք են դնում կառավարության որևէ որոշման կամ հենց գործունեության վրա: Այս դեպքում հնարավոր է առհասարակ կառավարության փոփոխություն զինվորականության համար առավել ընդունելի տարբերակով:

Խնամակալ միջամտության ժամանակ զինվորականներն ուղղակիորեն իրենց ձեռքն են վերցնում իշխանությունը: Այս մոդելի առանձնահատկոթյունն այն է, որ զինվորականները իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում ժամանակավորապես և միջամտության պատճառները վերացնելուց հետո իշխանությունը կրկին վերադարձնում են քաղաքացիական ուժերին:

Իշխող միջամտության ժամանակ զինվորականները իշխանությունը վերցնում են իրենց ձեռքում պահելու և արմատական փոփոխություններ իրականացնելու նպատակով:

Զինվորական հեղաշրջումները դասակարգվում են նաև ըստ զինվորական աստիճանակարգության, որը խոշորագույն տեսաբան Մորիս Յանովիցը բաժանում է երկու տեսակի` նախաձեռնողական և ըստ հրամանի:

«Նախաձեռնողական» հեեղաշրջումները կազմակերպվում են ցածր աստիճանակարգ ունեցող զինվորականության կողմից, առանց հրամանատարության գիտության կամ համաձայնության և սովորաբար ավելի արմատական են լինում, «ըստ հրամանի» հեղաշրջումներն իրականացվում են բանակի հրամանատարության կողմից և  հրամանով:

Հանրապետական Թուրքիայի առաջին իսկ  տարիներից զինվորականներն սկսել են ակտիվ դեր կատարել երկրի քաղաքական կյանքում, ինչպես գիտենք հանրապետության առաջին նախագահ դարձավ ազգայնամոլական շարժման առաջնորդ  մարշալ Մուստաֆա Քեմալը, իսկ վարչապետ գեներալ Իսմեթ Ինոնյուն, և այս պաշտոններում նախկին բարձրաստիճան զինվորականների առկայությունը չէր կարող չնպաստել բանակի դերի բարձրացմանը քաղաքական-հասարակական կյանքում:

Հանրապետական Թուրքիայի առաջին տարիները ցույց տվեցին, սակայն որ բանակի դերը Թուրքիայի քաղաքական կյանքում միանշանակ չէ,  ստեղծվել էր մի իրավիճակ, որ բանակը  մի կողմից հանդիսանում էր քեմալական իշխող ռեժիմի հենասյունը, մյուս կողմից բանակի ազդեցիկ մի քանի գործող գեներալներ`  (Ք. Քարաբեքիրը,  Ա. Ջեբեյսոյը, Ջ. Էղիլմեզը) ընդդիմադիր էին քեմալականներին, ինչը վտանգի տակ էր դնում, թե′ Քեմալի իշխանությունը, թե′ նրա բարեփոխումների իրականացումը:
Քեմալականների և  վերոնշյալ գեներալների հակասությունները հանգեցրեցին նրան, որ այս գեներալները  հեռացվեցին բանակից, և Քեմալը սկսեց բանակի ապաքաղաքականացման գործընթաց: Քեմալի գլխավորությամբ իշխանությունը սկսեց նպատակաուղղված սպայական կազմին քեմալիզմի ոգով դաստիրակելու գործընթաց, որում առանցքային  նշանակություն ստացան քեմալիզիմի սկզբունքները, զինվորականների մեջ սկսեց սերմանվել անսահման սեր և հարգանք Աթաթյուրքի և նրա գաղափարախոսության հանդեպ: Այս քայլով  Քեմալը սկսեց մի կողմից բանակը հեռացնել քաղաքական գործընթացներից, մյուս կողմից դիտարկել այն որպես իշխանությունների գլխավոր հենասյուն և քեմալական բարեփոխումների հաջողման հիմնական երաշխիք:

Այս գործընթացի իրականացման համար լայնորեն սկսեց կիրառվել մամուլը, գրականությունը, քաղաքական գործիչների քարոզչական ռեսուրսը և այլն:

Քեմալի որդեգրած  քաղաքականությունը ցանկալի արդյունք տվեց հատկապես երիտասարդ սպայական կազմի շրջանում, նրանք իրենց սկսեցին համարել ոչ միայն որպես քեմալիզմի ակտիվ կրողներ, այլև այդ գաղափարախոսության առաջամարտիկներ և պահապաններ:

Նման պայմաններում 1930-ականներին բանակը գրեթե չէր խառնվում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, և միաժամանակ շարունակում էր ամուր հենասյուն հանդիսանալ քեմալական իշխող ռեժիմի համար:

Զինվորականությունը սկսեց ներքաշվել քաղաքականության մեջ 1940-ական թվականների 2-րդ կեսին, երբ մահացել էր քեմալիզմի հիմնադիրը, երկրում հաստատվել էր բազմակուսակցական համակարգ և 1946թ.-ի խորհրդարանական ընտրություններին նորաստեղծ «Դեմոկրատական կուսակցություն»-ն (ԴԿ) իր ցուցակում ընդգրկել էր  15 բարձրաստիճան սպայի, ինչով բանակի բարձրաստիճան սպայակազմի որոշակի հատված կարելի է ասել հստակ հեռացել էր քեմալական սկզբունքներից:

1946թ. խորհրդարանական ընտրություններից հետո, բանակում սկսեցին ձևավորվել առաջին սպայական խմբավորումները: Արդեն 1940-ականների վերջին սպայակազմի այն հատվածը, որը սատարում էր Դեմոկրատական կուսակցությանը սկսեց ռազմական հեղաշրջում կազմակերպել իշխանությունը Քեմալականներից վերցնելու և Դեմոկրատական կուսակցությանը հանձնելու նպատակով: Սակայն այս խումբը ԴԿ ղեկավարության հետ որոշեց սպասել 1950թ.-ի խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ ԴԿ-ն եկավ փոխարինելու 27 տարի միահեծան ղեկավարած ՀԺԿ-ին` քեմալականներին:

Ստեղծվեց մի իրավիճակ, որը սկսեց բավարարել «Դեմոկրատական կուսակցության» կողմնակից սպաներին, սակայն  արդեն դժգոհություններ առաջացան հակառակորդ ուժի` ՀԺԿ-ի կողմնակից բարձրաստիճան սպաների շրջանում:

Այսպիսով սկսվեց հակառակ գործընթաց` ՀԺԿ կողմնակից գեներալները սկսեցին նախապատրաստել հեղաշրջում իշխանությունը դեմոկրատականներից  Քեմալական ՀԺԿ-ին վերադարձնելու համար, սակայն ԴԿ վերնախավին հաջողվեց համաձայնության գալ գլխավոր շտաբի պետի հետ և կանխել այդ ամենը:

Դեմոկրատական կուսակցության իշխանության 10 տարիներին (1950-1960թթ.) Թուրքիայում սկսեցին խորանալ մրցակից ուժերի միջև պայքարը,  ԴԿ մրցակիցների նկատմամբ ճնշումներն, ինչպես նաև  սկսեցին ակտիվանալ իսլամական շարժումները:

Այս ամենը համեմատաբար երիտասարդ սպայակազմի շրջանում, որը սնվել և կրթվել էր քեմալական գաղափարախոսությամբ, սկսվեց դիտվել որպես նահանջ քեմալիզմի ուղուց և առաջ բերեց լուրջ դժգոհություն գործող իշխանությունների նկատմամբ:

Բացի այդ, ԴԿ-ն իշխանության գալուց հետո բանակում իրականացրել էր «զտման» աշխատանքներ` բանակից հեռացնելով իր համար անվստահելի և անցանկալի տարրերին, նրանց փոխարինելով իր համար վստահելի տարրերով, ինչը զինվորականության որոշակի շրջանակների դեմ կատարված քայլ էր, և բնականաբար զինվորականության այս հատվածը պետք է պատասխան գործողություն ձեռնարկեր իր դիրքերը վերականգնելու համար:

Կրկին օրակարգ մտավ ռազմական հեղաշրջում իրականացնելու հարցը, և երիտասարդ սպաներից ստեղվեցին տարբեր գաղտնի  խմբեր, որոնք 1950-ականների կեսերից ձեռնամուխ եղան  հեղաշրջման կազմակերպմանը:

Զինվորականությունից բացի երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, իշխանությունների բռնարարքները, հակաժողովրդավարական մեթոդները մեծ դժգոհություն էին առաջացրել նաև ժողովրդական լայն զանգվածների շրջանում, մասնավորապես մտավորականության և երիտասարդության:

Երկրում սկսել էր հասարակության լուրջ բևեռացում ՀԺԿ-ի և ԴԿ-ի կողմնակիցների միջև, ակտիվացել էր նաև երիտասարդությունը, որը զանգվածային ցույցեր էր կազմակերպում: Այսպիսով երկրում ստեղծված իրավիճակը ԴԿ իշխանություններից դժգոհ զինվորականության համար ամբողջովին ապահովում էր հեղաշրջում կազմակերպելու և դա հիմնավորելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:  Նման իրավիճակում էլ 1960 թվականի մայիսի 27-ին իրականացվեց հանրապետական Թուրքիայի պատմության առաջին ռազմական հեղաշրջումը. Գեներալ Ջեմալ Գյուրսելի գլխավորած Գաղտնի կոմիտեի հրամանով երկրի նախագահ Մահմուդ Ջելալ Բայարը, վարչապետ Ադնան Մենդերեսը, կառավարության մյուս անդամները, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության վերնախավը ձերբակալվեցին: Մայիսի 27-ի հեղաշրջումը կազմակերպել և իրականացրել են գլխավորապես թուրքական բանակի միջին աստիճանակարգ ունեցող երիտասարդ սպաները:  Հեղաշրջումը կազմակերպող սպաները կազմում էին երիտասարդ սպայակազմի այն հատվածը, որը դաստիարակվել էր քեմալիզմի գաղափարներով և անսահման նվիրված էր քեմալականությանը: Այս հեղաշրջումը Նորդլինգերի տեսության համաձայն` կարելի է բնութագրել, որպես խնամակալ հեղաշրջում, քանի որ զինվորականները երկրի իշխանությունը վերցրին իրենց ձեռքը, ապա որոշակիորեն վերացնելով հեղաշրջման բռնկման պատճառները` իշխանությունը կրկին վերադարձրին քաղաքական կուսակցություններին: Մայիսի 27-ի հեղաշրջումը միևնույն ժամանակ, ըստ Յանովիցի զինվորական աստիճանակարգության տեսության, նախաձեռնողական էր, քանի որ կազմակերպվել էր ցածր աստիճանակարգ ունեցող երիտասարդ սպայական կազմի կողմից` առանց հրմանատարության գիտության և համաձայնության: 1960թ.-ի հեղաշրջման պատճառները անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն ժամանակաշրջանում, մասնավորապես Աթաթյուրքի մահից` 1938թ.-ից անմիջապես հետո ընկած ժամանակաշրջանում, և ճիշտ չէ այն կապել միայն Դեմոկրատական կուսակցության իշխանության տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և դրանցից բխած հետևանքների հետ: Քեմալիզիմի սկզբունքներով դաստիարակված և այդ սկզբունքներին հավատարիմ սպայական կազմի շրջանում իշխանությունների նկատմաբ դժգոհությունը առաջացել էր նախքան ԴԿ իշխանության գալը, քանի որ Քեմալի հիմնած Ժողովրդահանրապետական կուսակցությունը նրա մահից հետո սկսել էր հեռանալ Քեմալի աշխարհիկության սկզբունքներից և մեղմել հակակրոնական քաղաքականությունը. կրտսեր դպրոցների դասացուցակներում ներառվել էին իսլամի դասաժամեր, նախաձեռնվել  մզկիթներում աղոթք կարդացող կրոնական սպասավորների` իմամ հաթիփների կրթման դասընթացներ, հնարավորություն տրվել ուխտագնացության գնալ Մեքքա, ինչը, բնականաբար, չէին կարող հանդուրժել քեմալական սպաները: Այս սպաների հակազդեցությանունը պայմանավորված էր ոչ միայն իսլամին տրված որոշակի ազատություններով, ԴԿ ղեկավարման շրջանում իշխանությունների կողմից  քեմալական սպայակազմի դիրքերի թուլացմանն ուղղված քայլերով, այլ նաև Թուրքիայի պետական կառուցվածքի ապագայի, ներքին և արտաքին կողմնորոշումների առանցքային հիմնախնդիրների շուրջ ունեցած մոտեցումների տարբերությամբ:

1960 թվականի հաջողված հեղաշրջումից հետո բանակը չափազանց քաղաքականացված էր, զորամասերը կարծես վերածվել էին քաղաքական ակումբների, որտեղ զինվորականությունը քննարկում էր այս կամ այն քաղաքական ուժի գործունեությունը առավելություններն ու թերությունները: Բանակի վերնախավը, որն արդեն 1960-ին ականատես էր եղել  աստիճանակարգության խախտմանը, քայլեր ձեռնարկեց դրա վերականգնման և երիտասարդ սպայական կազմի «նախաձեռնողական գործողությունները» բացառելու ուղղությամբ, ինչպես որպես կանոն լինում է հեղաշրջումներին հաջորդած շրջանում:  Բանակի վերնախավը, ամեն գնով ծանր աստիճանակարգ ունեցող սպայական կազմին հեռու պահելով քաղաքականությունից, սկսեց իր համար ճանապարհ բացել դեպի մեծ քաղաքականություն` 1960-ական թթ. սկզբից ակտիվորեն մասնակցելով երկրի քաղաքական գործընթացներին: Այս տեսնկյունից շատ կարևոր էր 1961թ.-ի սահմանադրության 111-րդ հոդվածը, որով ստեղծվեց Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ), որի կազմի մեջ հանրապետության նախագահից, վարչապետից և կառավարության որոշ անդամներից ընդգրկվեցին նաև ԶՈՒ հրամանատարության ներկայացուցիչներ:

1960-ականների վերջից ԱԱԽ-ն դարձավ մի մարմին, որտեղ որոշվում էին  երկրի բոլոր կարևորագույն խնդիրները, ինչպես արտաքին այնպես էլ ներքին քաղաքականության բնագավառում: Այսպիսով ԶՈՒ բարձրաստիճան զինվորականությունը սկսեց մասնակցել երկրի համար կարևոր խնդրիների քննարկմանը, ինչը նպաստեց բանակի ղեկավարության քաղաքականացմանը: Արդեն 1960-ական թվականներից բանակը դարձավ քաղաքական պայքարի հավասարազոր մասնակից` ժամանակ առ ժամանակ դուրս գալով առաջին պլան, հետագայում մի քանի անգամ ևս իր ձեռքը վերցնելով իշխանությունը: 1970թ. թուրքական «Միլիյեթ» թերթը գրում էր, որ Թուրքիայի սահմանադրության 111-րդ հոդվածով օրինականացվեց թուրքական զինված ուժերի մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին:

1970-1971թթ. Թուրքիայում ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել: Սրվել էին սոցիալ-տնտեսական խնդիրները, գործազրկությունը մեծ ծավալների էր հասել, մեծացել էր ուրբանիզացիայի ծավալները: Երկրում մեծապես ակտիվացել էին ձախակողմյան շարժումները, որոնց միջամտությամբ կազմակերպվում եին աննախադեպ գործադուլային ակցիաներ և այլն: 1960-ականների վերջերից սկսած ավելի էր խորացել հասարակության բևեռացման և արմատականացման գորընթացը:  Արդեն 1960-ականների վերջից Թուրքիայում սկսել էր գործել գաղտնի կազմակերպություն, որը հեղաշրջում էր նախապատրաստում: Այս կազմակերպության մեջ ներառված էին սպաներ, ովքեր մասնակցել էին 1960-ի հեղաշրջման կազմակերպմանը(Օ. Քյոքսալ, Հ. Քաչար, Ջ. Մադանօղլու), ձախ քաղաքական ուղղվածություն ունեցող գործիչներ, բանակում գործող սպաներ (Ա. Քափթան)  և այլն: 1971թ. մարտի 12-ին թուրքական բանակը միջամտեց երկրի քաղաքական կյանքին, և այս միջամտությունը պատմության մեջ մտավ «հուշագրային հեղաշրջում» անվամբ: Թուրքիայի ԶՈՒ հրամանատարությունը հանրապետության նախագահ Ջևդեթ Սունային ներկայացրեց հուշագիր, որով պահանջվում էր կառավարության հրաժարականը` սպառնալով հակառակ դեպքում իր ձեռքում վերցնել երկրի իշխանությունը: Նույն օրը Սուլեյման Դեմիրելի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց: «Մարտի 12»-ի կազմակերպիչների առաջնային նպատակն էր կանխել ցածր զինվորական աստիճան ունեցող սպաների կողմից նախաձեռնողական ռազմական հեղաշրջումը:

Այսպիսով, բանակի վերնախավը, տեղեկանալով կազմակերպության նպատակների մասին, մարտի 12-ի միջամտությամբ կանխեց ռազմական հեղաշրջման կազմակերպումը:

Մարտի 12-ից հետո բանակում կրկին սկսվեց զտման գործընթաց և մեծ թվով սպաներ հեռացվեցին ծառայությունից:

Բանակի վերնախավի կողմից «մարտի 12»-ի կազմակերպումը  Թուրքական բանակի արմատական թևին զրկեց  1960թ.-ի մայիսի 27-ին սկսածը ավարտին հասցնելու հնարավորությունից, և երկրի խոշոր կապիտալը, բանակի ղեկավարությունն ու կուսակցությունները կարողացան հաղթանակած դուրս գալ:

«Մարտի 12-ի» միջամտությունը, ըստ Նորդլինգերի բանակ-հասարակություն փոխհարաբերությունների տեսության, կարելի է բնութագրել որպես կագավորող  միջամտություն, քանի որ բանակը իշխանությունը չվերցրեց իր ձեռքը. 1971-73թթ. կառավարությունը և խորհրդարանը շարունակեցին իրենց գործունեությունը և զինվորականության անմիջական հսկողությամբ տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ և սահմանադրության փոփոխված դրույթներով մեծացվեց ԱԱԽ լիազորությունները, ինչի նպատակն էր ուժեղացնել բանակի վերահսկողությունը քաղաքական կյանքի վրա:

1973-ին կայացան խորհրդարանական ընտրություններ, և դրան հաջորդած մի քանի տարիներին բանակը գրեթե զերծ մնաց քաղաքական անցուդարձից, ինչը պայմանավորված էր թե′ բանակի հեղինակության անկմամբ, թե′ այդ ժամանակվա Գլխավոր շտաբի պետ Սեմիհ Սանջարի (1973-1978թթ.) անձով, ով լոյալ վերաբերմունք ուներ Դեմիրելի գլխավորած Ազգայնական ճակատ կոալիցիոն  կառավարության նկատմամբ և պատահական չէ, որ 1980-ի ռազմական հեղաշրջման նախապատրաստությունները սկսեցին Սանջարի պաշտոնաթողությունից հետո: 1978թ. ձևավորվեց այն հիմնական ուժը, որը կազմակերպելու էր հեղաշրջումը: Բանակի վերնախավն սկսեց քննարկել քաղաքական կյանքին միջամտելու անհրաժեշտությունը:

1970-ական թթ. Թուրքիայում ընդգծվեցին սոցիալ-տնտեսական և քաղաքական լուրջ դժվարություններ, որոնք շուտով վերաճեցին խորությամբ նախադեպը չունեցող տնտեսական և քաղաքական ճգնաժամի:  Երկրիը բաժանվել էր երկու բևեռի`  աջերի և ձախերի, ահաբեկչությունն աննախադեպ ծավալներ էր ընդունել, օրական տասնյակ մարդիկ էին սպանվում: Հաճախակի էին դարձել նաև բախումները սուննի և ալևի համայնքների միջև:  Թուրքիայում այս շրջանում ստեղծվել էր քաղաքացիական պատերազմի լուրջ վտանգ: Քաղաքական ուժերը, զբաղված լինելով ներքաղաքական պայքարով, չէին կարողանում շտկել երկրում ստեղծված իրավիճակը: 1973-ից մինչև 1980թ.-ի հեղաշրջումն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գործել է 8 կառավարություն, որոնցից յուրաքանչյուրի կարճաժամկետ գոյությունը նվազեցնում էր նրանց արդյունավետությունը և ներքաղաքական ճգնաժամերի պատճառ դառնում:  Նման պայմաններում քաղաքական ուժերը, զբաղված լինելով ներքաղաքական պայքարով, վճռական քայլեր չէին ձեռնարկում երկրում էական փոփոխություններ կատարելու համար: Այս ամենը հանգեցրեց կրկին զինվորականության միջամտությանը: 1979թ.-ի դեկտեմբերի 27-ին ԳՇ պետ Քենան Էվրենը նախագահ Ֆահրի Քորություրքին հանձնեց նախազգուշացնող նամակ, որով զինվորականությունը իշխանություններից պահանջում էր կատարել պարտականությունները և շտկել առկա իրավիճակը:   Զինվորականները հաջորդող շրջանում փորձեցին նաև քաղաքական երկխոսության դաշտ բերել քաղաքական պայքարի մեջ մտած կուսակցություններին և երկիրը դուրս բերել ճգնաժամային վիճակից, սակայն չհաջողվեց: 1980թ. գարնանը Թուրքիայի քաղաքական համակարգը նոր` նախագահական ընտրությունների ճգնաժամի առջև էր կանգնած: Ավարտվել էր նախագահ Քորություրքի պաշտոնավարման ժամկետը և մարտի 22-ին մեկնարկեցին նախագահական ընտրություններ: Թուրքիայի սահմանադրության համաձայն` նախագահին ընտրում էր խորհրդարանը, սակայն խորհրդարանական ուժերը չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ և նախագահական ընտրությունները մտան փակուղի:  Ավելի քան 100 փուլ շարունակվող նախագահական ընտրությունները այդպես էլ չհասան իրենց հանգուցալուծմանը: Ստեղծված իրավիճակում Թուրքիայի քաղաքական համակարգը ի զորու չէր երկիրն ինքնուրույն դուրս բերել այդ ճգնաժամային վիճակից:

1980թ.-ի սեպտեմբերի 12-ին զինվորականությունը Քենան Էվրենի գլխավորությամբ ռազմական հեղաշրջում իրականացրեց:

Այս հեղաշրջումը ըստ Նորդլինգերի բանակ-հասարակություն փոխհարաբերությունների տեսության կարելի է բնութագրել որպես խնամակալ հեղաշրջում, քանի որ զինվորականները ցանկանում էին հեղաշրջման պատճառները վերացնելուց հետո իշխանությունը փոխանցել քաղաքական կուսակցություններին:

Հեղաշրջման պատճառները շտկելու և իշխանությունը քաղաքական ուժերին փոխանցելու անցումային փուլում զինվորական իշխանություններն ահաբեկչության դեմ պահքարի քողի տակ  պատժամիջոցների լայնածավալ ալիք սկսեցին, որի նպատակն էր արմատախիլ անել իրենց համար անցանկալի շարժումները: Խիստ պատժամիջոցներ կիրառվեցին նաև ԶԼՄ-ների,  քաղաքական կուսակցությունների  նկատմաբ, որոնք այս կամ այն պատճառով անընդունելի էին զինվորականների համար: 1980թ.-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումը համարվում է Թուրքիայի պատմության ամենադաժան հեղաշրջումը:

Այսպիսով 2 ռազմական հեղաշրջումներից` 1960, 1980 և 1971 թվականի զինվորական միջամտությանը հաջորդած շրջանում` 1961-ի հոկտեմբերից մինչև 1989-ը(1989 թ-ին նախագահ դարձավ Թուրգութ Օզալը) Թուրքիան ունեցավ չորս նախագահ, որոնք զինվորականներ էին` Ջեմալ Գյուրսելը (1961թ. հոկտեմբեր-1966թ. մարտ), Ջևդեթ Սունայը (1966թ. մարտ-1973թ. մարտ), Ֆահրի Քորություրքը (1973թ. ապրիլ-1980թ. ապրիլ) և Քենան Էվրենը (1982թ. նոյեմբեր-1989թ. նոյեմբեր) :

1995թ. Թուրքիայում կրկին սրվեց տնտեսական ճգնաժամային վիճակը: 1994 թ. գնաճը կազմել էր 149,6 տոկոս, իսկ ՀՆԱ-ն նվազել էր 6 տոկոսով: Տնտեսական լուրջ խնդիրներին ավելացել էին նաև ներքաղաքական խմորումները և քրդական շարժման դեմ գործող իշխանությունների նոր թափ առած պայքարը: 1994-1995 թթ. ընթացքում ԶՈՒ ղեկավար կազմն սկսել եր տարբեր միջոցներով ակնարկել հերթական ռազմական միջամտության հավանականության մասին: 1995թ. ապրիլին Թուրքիայի նախկին նախագահ Ք. Էվրենը, հանդես գալով ակտիվ զինծառայությունն ավարտած սպաների անունից, նշեց, որ եթե քաղաքական համակարգը չկազդուրվի, ապա ԶՈՒ-ն մտադիր չէ մնալ հանդիսատեսի կարգավիճակում: Այս շրջանում Քեմալի հիմնադրած ՀԺԿ կուսակցությունը էլ սկսել էր ակտիվորեն բարձրաձայնել քաղաքական իսլամի աճող ազդեցության վերաբերյալ:  1995 թ.-ի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցած 14 կուսակցություններից 10%-ի շեմը կարողացան հաղթահարել միայն 5-ը: ԲԿ-ն հավաքեց 21,4 %, «Մայր հայրենիք»-ը 19,7%, ՃՈՒԿ-ը` 19,2%, ԺՁԿ-ն` 14,6%, ՀԺԿ-ն 10,7%: Քվեների նման բաշխման պարագայում միակուսակցական կառավարության ձևավորումը դարձավ անհնար և Թուրքիան թևակոխեց «անհաջող կոալիցիոն կառավարությունների» շրջափուլ: Այս և հաջորդող շրջանում Թուրքիայի բարձրագույն սպայակույտը շարունակում էր աչալրջորեն հետևել  երկրում տեղի ունեցող զարգացումներին` ձգտելով դրանք պահել կանխատեսելիության սահմաններում: Այս շրջանում արդեն թուրքական քաղաքականության մեջ հայտնի էին դառնում Ստամբուլի քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և տնտեսագետ Աբդուլլահ Գյուլի անունները: 1996թ. հոկտեմբերին Անկարայում  կայացավ Բարորության համագումարը, որի ընթացքում գլխավոր ջութակի դերը ստանձնել էր Էրդողանը: Թուրքական մամուլը Էրդողանին անվանում էր Բարորության նոր թագաժառանգ: 1997թ. Հունվարին բանակի ներկայացուցիչների և այդ պահին կառավարությունը գլխավորող Բարորություն (ԲԿ)  կուսակցության միջև սկսեցին լուրջ հակասություններ առաջանալ: ԶՈՒ-ի դժգոհության առիթ էր դարձել  Ռամադանի տոնի կապակցությամբ  կառավարության նիստերի դահլիճում վարչապետ և ԲԿ առաջնորդ Էրբաքանի կազմակերպած ընդունելությունը` իսլամական շարժումների և միաբանությունների ղեկավար անդամների մասնակցությամբ:  Հունվարի 22-24-ը Մարմարայի Գոյչյուք ծովային ռազմակայանում ԳՇ-ն կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ընդունվեց գաղտնի համաձայնագիր «աշխարհիկ համակարգի քայքայման և արմատականության դեմ վճռական պայքար ծավալելու մասին»: Լարված ներքաղաքական իրավիճակում 1997թ.-ի փետրվարի 28-ին թուրքական ԶԼՄ-ները տարածեցին ԱԱԽ արտահերթ նիստի մասին լուրը: Հայտնի դարձավ, որ ԶՈՒ ղեկավարությունն Էրբաքանին 18 կետից բաղկացած անհապաղ քայլերի վերջնագիր է ներկայացրել և նրանից պահանջել անմիջապես ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը: Սկզբում Էրբաքանը մերժեց ԶՈՒ պահանջները` հիմնավորելով, թե երկրում բարեփոխումներ իրականացնելու լիազորությունները պատկանում են միայն կառավարությանը, ապա տեղի տվեց զինվորականության կողմից ճնշումների ուժեղացման պայմաններում: Այսպիսով, 1960թ.-ից հետո ԶՈՒ-ն կրկին հանդես գալով քեմալիզմի և աշխարհիկ կարգերի պաշտպանության դիրքերից  4-րդ անգամ միջամտեց քաղաքական գործընթացներին և Իշխող կառավարությունը ԶՈւ ճնշման տակ վայր դրեց լիազորությունները: «Փետրվարի 28-ը» ևս մեկ անգամ փաստեց, որ քեմալականները մտադիր չեն զիջել քաղաքական և տնտեսական իշխանությունը «սև թուրքերին» (իմա.  իսլամականներին) ու քրդերին և հանդուրժել նրանց հակաշխարհիկ գործունեությունը: 1997թ. փետրվարի 28-ից հետո ԶՈՒ-ն «Արևմտյան աշխատանքային խմբի» ստեղծմամբ ձեռնամուխ եղավ  պետական մարմիններից իսլամամետ տարրերի արտաքսման և քեմալիզմի խաթարված դիրքերի վերականգնման գործին: 1997-ի հունիսին Թուրքիայում ներքաղաքական լարվածությունը վերաճեց ճգնաժամի. հունիսի 20-ին զինվորականների բացահայտ ճնշման տակ Էրբաքանի իսլամամետ կառավարությունը հրաժարական տվեց:

1997թ.-ի զինվորական միջամտությունից մինչև 2016թ.-ի  հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը  խոսվել է «Բալյոզ»-ի (2002-2003թթ.) և «Էրգենեքոն»-ի (2007թ)  կողմից նախապատրաստվող հեղաշրջման փորձերի մասին։ Առավել հայտնի է «Էրգենեքոն» թուրքական ազգայնամոլական խմբավորման գործը, որի շարքերում էին զինվորականներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, լրագրողներ, գիտնականներ։ Կազմակերպության նպատակն էր Թուրքիայում իշխանության զավթումը և քեմալական հիմքերի առավել ամրապնդումն ու պահպանումը։ Այս գործը երկար տարիներ ընթանում էր, ուղեկցվում զանգվածային ձերբկալություններով, իսկ Էրդողանի հակառակորդները հայտարարում էին, թե այս ամենի միջոցով նա թուլացնում է ընդդիմությանը և զինվորականությանը: Հետաքրքրական էր նաև «Բալյոզ»  հեղաշրջման գործով բացահայտումները, որի մանրամասներից պարզ է դառնում, թե ինչ ծրագրով էր թուրքական սպայակույտը պատրաստվում հեռացնել Թայիփ Էրդողանի իսլամամետ կառավարությունը։ 2003-ի նախագիծը ենթադրում էր ստեղծել քաոսային իրավիճակ Թուրքիայում, ապա ցույց տալ, որ երկրի կառավարությունն ունակ չէ ղեկավարել երկիրը, ինչին էլ հետևելու էր նրա չեզոքացումը։ Այս երկու գործողություններն էլ հաջողություն չեն գրանցել և թե′ մեկի, թե′ մյուսի պարագայում հեղաշրջում չի իրականացվել:

Էրդողանն արդեն տևական ժամանակ էր, ինչ հստակ որդեգրել էր մենիշխանության դիկտատորական ուղին: Բնական է, որ այդ ուղու ընթացքում նա որոշակի թիրախներ է ունեցել, որոնցից կարևորը բանակն էր: 2002-ից (ԱԶԿ իշխանության գալուց հետո) սկսած՝ բանակի ազդեցության ոլորտներն էականորեն նվազեցվում էին, և Թուրքիան գնալով իսլամական էր դառնում: Էրդողանը նախքան հեղաշրջման փորձը  ուներ ներքին քաղաքական շատ սխալներ, երկրում իրավիճակն արդեն պայթյունավտանգ էր դարձել: Նման իրավիճակում Թուրքական ԶՈՒ-ն կրկին փորձեց հեղաշրջման միջոցով հեռացնել երկրի իշխանություններին: 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական միջամտության փորձ իրականացվեց: Խռովարարները երկրի զինվորականներն էին, ովքեր կարողացան մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն իրականացնել երկրի կարևորագույն կառույցների նկատմամբ: Զենքերն ուղղվեցին անգամ նախագահական նստավայրի և մեջլիսի շենքերի վրա: Երկրի պետական հեռուստաընկերությունը գրաված զինվորականները հայտարարեցին իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին: Հեղաշրջման մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց երկրի նախագահ Էրդողանը, ով հեռացել էր մայրաքաղաքից Facetime բջջային հավելվածի միջոցով կարողացավ ուղիղ եթեր դուրս գալ՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և թույլ չտալ ռազմական հեղաշրջման իրականացումը: Էրդողանի կոչը տվեց ցանկալի արդյունքը, և հասարակ քաղաքացիների միջամտության արդյունքում հեղաշրջման փորձը տապալվեց: Էրդողանի բարձր լեգիտիմությունից և հասարակական մեծ հենարան ունենալուց բացի հեղաշրջման փորձի տապալմանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ ԳՇ պետը բանակի բարձրագույն հրամանատարությունը, կարևորագույն զորատեսակների հրամանատարները չէին աջակցում հեղաշրջման փորձի կազմակերպիչ միջին աստիճանակարգ ունեցող սպայակազմին, և ավելին, նրանք լոյալ վերաբերմունք ունեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ: Սրանք այն մարդիկ էին, որոնք իշխանության էին բերվել հենց Էրդողանի կողմից: Մեկ այլ տեսանկյունից զինվորականությունը չուներ հասարակական և քաղաքական հենարան, քեմալական ՀԺԿ-ն, ով ավանդաբար գտնվել է զինվորականության կողքին, չկարողացավ ցուցաբերել անհրաժեշտ կենսունակություն: Իշխանությունները կատարվածի պատասխանատու հայտարարեցին «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ, չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին՝ կատաղի պայքար սկսելով նրա կողմնակիցների դեմ: Ինքը՝ Գյուլենը, ի սկզբանե հերքեց հեղաշրջման փորձի հետ որևէ առնչություն ունենալը: Նա հայտարարեց, որ կատարվածը եղել է Էրդողանի բեմադրությունը, ով այդպիսով ցանկացել է ամրապնդել իշխանությունը երկրում: Թուրքիայի` հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով երկրում զոհվեց հեղաշրջման կողմնակից 104 զինվոր, իսկ հեղաշրջման դեմ դուրս եկածներից զոհվեցին 246-ը: Վիրավորների թիվը մոտ 2 հազարն էր: Հեղաշրջման փորձի ձախողումից հետո երկրում ձերբակալվեց առնվազն 40 հազար մարդ, որոնց շարքում են զինվորականներ, դատավորներ և դատախազներ, տարբեր նախարարությունների և պետական կառույցների աշխատակիցներ: Տասնյակ հազարավոր մարդիկ հեռացվեցին աշխատանքից, այդ թվում և համալսարանների, դպրոցների ուսուցիչներ, պրոֆեսորներ և դասախոսներ: Երկրում երեք ամսով հայտարարվեց արտակարգ դրություն, որը 3-ական ամիսներով մի քանի անգամ երկարաձգվեց: Գերակշռող փորձագիտական տեսակետների համաձայն` հեղաշրջման փորձը նախաձեռնել է Էրդողանը կամ գոնե նախապես իմանալով այդ մասին`  չի կանխարգելել դրա կազմակերպում հաջորդած շրջանում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում իր համար անցանկալի տարրերից և ուժերից ազատվելու և իր իշխանությունն ավելի ամրապնդելու նպատակով:

Հեղաշրջման ձախողված փորձից հետո Էրդողանը և ԱԶԿ-ն ավելի ակտիվացրեց սահմանադրական փոփոխությունների միջոցով երկրում կառավարման նախագահական համակարգ հաստատելուն ուղղված քայլերը: Էրդողանը արտակարգ դրության ռեժիմի ընթացքում հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեղադրանքով չեզոքացրեց բոլոր հնարավոր գործոնները, որոնք կարող էին խանգարել նոր սամանադրության ընդունմանը` առաջին հերթին զինվորականությանը: Էրդողանին հաջողվեց վերացնել նաև քաղաքական դաշտում առկա հակադիր գործոնները: Սահմանադրական հանրաքվեին դեմ հանդես եկող հիմնական քաղաքական ուժերն էին Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Հանրապետական Ժողովրդական» կուսակցությունը: Էրդողանի հակառակորդ ճամբարում գտնվող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» քարոզարշավի փուլ մտավ բավականին կաշկանդված և մասնատված, քանի որ կուսակցության 13 պատգամավորներ, այդ թվում` համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, շարունակեցին բանտարկված մնալ: Ինչ վերաբերվում է «Հանրապետական Ժողովրդական» կուսակցությանը, ապա այն ուներ իրեն սատարող ժողովրդական զանգված, սակայն այդ զանգվածն ահագնացող չէր, և քեմալական կուսակցությունը չկարողացավ խագարել Էրդողանի ծրագրերի իրականացմանը: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը սահմանադրկան փոփոխությունների հարցում միավորվեց Արդարություն և զարգացում կուսակցության հետ, քանի որ նրանք երկուսն էլ, ըստ էության, ներկայումս նույն ուղղության մեջ են` ազգայնական, ազգայնամոլական: Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունեցել 2017թ.-ի ապրիլի 16-ին և ավարտվել  «ԱՅՈ»-ի հաղթանակով (51,37 %): Թուրքիայի Հանրապետության պատմության 7-րդ սահմանադրական հանրաքվեով կատարված փոփոխություններով Թուրքիան անցավ կառավարման նախագահական համակարգի: Հանրաքվեի արդյունքում, որով անցավ սահմանադրական փոփոխությունների 18 կետից բաղկացած փաթեթը, տեղի ունեցան Թուրքիայի Հանրապետության շրջանի ամենամասշտաբային օրենսդրական փոփոխությունները:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով 2003 թվականից գտնվում է Թուրքիայի իշխանության գլխին, սկզբում որպես վարչապետ, ապա որպես նախագահ, հնարավորություն է ստանում առավել ընդլայնել իր լիազորությունները:
Սահմանադրական հանրաքվեի նման ելքը, ըստ էության, Էրդողանին հնարավորություն է տալիս ավելի վստահ քայլերով շարունակել իշխանության կենտրոնացման և բռնատիրական քաղաքականությունը և, ինչն ամենակարևորն է, այս ամենը նրան տվեց օրենսդրական բոլոր հիմքերը գրեթե անսահմանափակ իշխանություն ունենալու համար:
Հանրաքվեով հաստատված փոփոխությունների արդյունքում Թուրքիայի նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարևոր պաշտոնյաների, այդ թվում և նախարարների, մեկ կամ մի քանի փոխնախագահի: Նախագահը իրավունք է ստանում միջամտել դատական համակարգին, որոշել և հայտարարել արտակարգ դրություն: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական: Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց: 2017-ի ապրիլին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններով և օրենսդրական այլ փոփոխություններով  զգալիորեն նվազեցվել է Թուրքական բանակի ինքնուրույնությունը: Թուրքիայում Պաշտպանության նախարարության կառուցվածքի և պարտականությունների մասին թիվ 1325 օրենքի փոփոխության համաձայն՝ երկրի ցամաքային, ռազմօդային և ռազմածովային ուժերի հրամանատարությունները դրվել են պաշտպանության նախարարի ենթակայության ներքո:  Մինչ այս այդ հրամանատարությունները ենթարկվել են երկրի ԶՈւ գլխավոր շտաբին: Բացի այդ Թուրքիայի նախագահն ու վարչապետը վերոհիշյալ հրամանատարությունների հետ ունենում են մշտական ուղիղ կապ և կարող են անհրաժեշտության դեպքում հրաման տալ նրանց։ Նույն հրամանագրի համաձայն՝ բոլոր ռազմական դպրոցները փակվելու են, փոխարենը ստեղծվելու է պաշտպանության նախարարության համալսարան, որը կազմված է լինելու ցամաքային, ռազմօդային, ռազմածովային դպրոցներից և սպայական կազմ պատրաստող բարձրագույն դպրոցներից: Համալսարանի ռեկտորին նշանակելու է երկրի նախագահը: Հայտարարված արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում նախատեսվող փոփոխությունների և ձեռնարկվող միջոցների մասին հրամանագրի համաձայն` որոշում է ընդունվել երկրի ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները, որոնք նախկինում Թուրքիայի ԶՈւ ԳՇ ենթակայության տակ էին  դնել ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո: Զինվորական բարձրագույն ուսումնական հաստատատություններ ընդունվելու իրավունք են ստանալու բոլոր ուսումնարանների, այդ թվում՝ «Իմամ հաթիփ» դպրոցների սաները (իսլամական դպրոցներ): Սա, ըստ էության, նշանակում է, որ Թուրքիան մուտք է գործում բանակն իսլամացնելու փուլ, ինչից մինչ օրս հաջողվում էր խուսափել՝ բանակի շարքեր ընդունելով միայն ռազմական ուսումնարաններն ավարտածներին: Այս ամենով  ներկայիս իշխանություններն ըստ էության փորձում են որոշակիորեն ձևափոխել թուրքական բանակի արժեքային համակարգը (Թուրքիայի բանակը մշտապես հանդես է եկել քեմալականության և Քեմալի մշակած աշխարհիկ իշխանության դիրքերից: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ի դեմս Էրդողանի, դրսևորում է իսլամամետ կեցվածք): Այսպիսով, Թուրքիայում ներկայումս իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած քաղաքականության արդյունքում թուրքական բանակը վերջնականապես վերածվում է զուտ ռազմական գործիքի և դադարում է լինել քաղաքացիական իշխանության հակակշիռ ու վտանգ:

Ամփոփում

Ուսումնասիրելով Թուրքիայում ռազմական հեղաշրջումների և ռազմական հեղաշրջման փորձերի պատմությունը (1960-ից 2016 թթ.), ընթացքն ու հետևանքները` կարելի է եզրակացնել.

Թուրքիայի Հանրապետության պատմության ողջ ընթացքում բանակը եղել է քաղաքական-հասարակական կյանքի կարևոր գործոն, ժամանակ առ ժամանակ միջամտել է քաղաքական գործընթացներին, որոնց արդյունքում 3 անգամ տվյալ պահին իշխանության ղեկին գտնվող ուժը, իսկ մեկ անգամ նաև նախագահը, հեռացվել են իշխանությունից:  Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումները և հեղաշրջման փորձերը, ի թիվս այլ հանգամանքների (քաղաքական համակարգի ճգնաժամ,  տնտեսական ճգնաժամ, իսլամական շարժումների զարգացում, գործադուլային ալիքի ահագնացում, ահաբեկչության աննախադեպ աճ և այլն), պայմանավորված են եղել նաև բացահայտ և քողարկված պայքարով, որ մշտապես ընթացել է քեմալական աշխարհիկության և իսլամամետ ուժերի միջև Թուրքիայի պետական կառուցվածքի ապագայի, ներքին և արտաքին կողմնորոշումների առանցքային հիմնախնդիրների շուրջ: 2016թ.-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի տապալումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հնարավորություն տվեց, ավելի լեգիտիմացնելով իր իշխանությունը, ձեռնամուխ լինել դիրքերն ապրապնդելուն ուղղված նոր քայլերի, որոնցից էր 2017թ-ի ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի միջոցով նախագահական համակարգի հաստատումը: Այս փոփոխություններով  նա ձեռք բերեց աննախադեպ լիազորություններ, որոնք վերապահված չեն եղել անգամ հանրապետության հիմադիր Քեմալ Աթաթյուրքին: Թուրքիայի քաղաքական համակարգին հանրապետության հիմնադրումից ի վեր առհասարակ բնորոշ է եղել մեկ սինվոլ առաջնորդի առկայությունը, ի դեմս Քեմալ Աթաթյուրքի, ով օժտված է եղել լայն լիազորություններով, բայց ոչ երբեք անսահմանափակ, իսկ Էրդողանը ըստ երևույթին, խախտեց այդ ավանդույթը` ձգտելով սուլթանական շրջանին բնորոշ անսահմանափակ իշխանության: Թուրքիայի ռազմական հեղաշրջումների պատմության մեջ առաջին անգամ 2016-ի հուլիսի 15-ին ժողովուրդը դուրս եկավ փողոց և վճռեց հեղաշրջման ելքը` դառնալով քաղաքական գործոն: Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի իսլամամետ գործիչ լինելու հանգամանքը և այն, որ ժողովուրդը կանգնելով նրա կողքին, պայքարելով աշխարհիկության դիրքերից հանդես եկող զիվորականության դեմ օգնեց նրան պահել իշխանությունը, կարելի է եզրակացնել, որ սա քաղաքական իսլամի հաղթանակն էր բանակի, զինվորականության նկատմամբ: Հեղաշրջման փորձի ձախողումը կտրուկ բարձրացրեց Էրդողանի վարկանիշը և միֆականացրեց նրա կերպարը հասարակության շրջանում, ինչը նա հաջող կերպով օգտագործեց իր իմիջի և քաղաքական կենսունակության համար, հաղթեց սահմանադրական հանրաքվեում:  Կարելի է ասել, որ ներկայումս վերանայման է ենթարկվում Թուրքիայի մոդեռնիզացիայի նախկին մոդելը, որը սահմանվել էր Աթաթյուրքի կողմից: Այս տեսանկյունից  սահմանադրական հանրաքվեն չափազանց կարևոր էր  Էրդողանի համար, որպեսզի նա կարողանար իր իշխանության վերարտադրումից և լայն լիազորություններ յուրացնելուց բացի խորհրդանշական առումով ներկայացնել տեղի ունեցող տրանսֆոմացիայի  առաջամարտիկի դերը, ինչը մեծ հաշվով նրան հաջողվեց: Սահմանադրական հանրաքվեին հաջորդած օրենսդրական փոփոխություններով բանակն ամբողջովին ենթարկեցվեց նախագահական ապարատի վերահսկողությանը, վերածվեց զուտ ռազմական գործիքի, դադարեց լինել քաղաքական իշխանության հակակշիռ, ինչպես եղել էր նախկինում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է՝ 458 անգամ