Արմեն Աշոտյանը կարևորում է Հայաստանի կողմից եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը

16:20, Հնվ 15, 2018


Հայաստանի խորհրդարանի կողմից Իրաքի տարածքում ահաբեկչական կազմակերպությունների կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հայտարարության նախագիծը շրջանառության մեջ է դրվել քաղաքական կոնսենսուսի արդյունքում, որին միացել են խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը: Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հայտարարության նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Վստահ եմ, որ նմանատիպ փաստաթղթերը հենց այդպես էլ պետք է ընդունվեն, որովհետև խնդիրները, որոնք դրված են այս հայտարարության մեջ, առաջին հերթին մարդասիրական են և համամարդկային»,– նշեց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ այս տեսակետից հարկավոր է տարանջատել և միևնույն ժամանակ միավորել  երեք կարևոր հարթություն. «Առաջինն այն է, որ հայ ժողովուրդն ինքը ցեղասպանության զոհ է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք այդ վիշտը և ինքներս ենք ամոքում մեր սպիները: Երկրորդն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում որպես լիիրավ քաղաքացիներ ապրում են տասնյակ հազարավոր ազգային փոքրամասնություններ, այդ թվում՝ եզդիներ, որոնց նկատմամբ կատարված քաղաքական, ռազմական, պատմական անարդարությունը և ոճրագործությունը պետք է իր հստակ գնահատականը ստանա: Սակայն կարծում եմ, որ ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ հենց Հայաստանի Հանրապետությունն է որպես պետություն գնահատական տալիս նման երևույթներին: Սա ոչ թե հայ ժողովրդի գնահատականն է եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությանը, այլ գնահատականն է այն պետության, որը ստանձնել է ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման, ճանաչման միջազգային ֆլագմանի կամ շոգեքարշի դերակատարությունը»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Նա հավելեց, որ պատահական չէ նաև այն, որ հենց Հայսստանն է 2015թ. նախաձեռնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը՝ շեշտելով, որ այս տարի Երևանում տեղի է ունենալու այդ ֆորումի երրորդ հավաքը: «Այս առումով կարող ենք ասել, որ մենք՝ որպես Հայաստանի խորհրդարան, պարտավոր ենք մաքսիմալ շիտակ լինել նման գնահատականների մեջ: Իհարկե, կան մասնագիտական վեճեր, մասնագիտական տեսակետներ, սակայն գիտությունը և հետազոտությունը շատ կարևոր են, բայց ավելի կարևոր է այն քաղաքական խիզախությունը և շիտակությունը, որոնք պետք է ունենան պետությունները, որոնք գնահատական են տալիս նման երևույթներին»,– նշեց Աշոտյանն՝ ընդգծելով, որ հանձնաժողովում քննարկումների ժանանակ էլ եկել են կոնսենսուսի և հստակ ու պարզ գնահատական են տվել այն ամենին, ինչ տեղի է ունեցել եզդի ժողովրդի նկատմամբ: