Հայաստանի կառավարության օրակարգում է կայուն զարգացման նպատակների ազգայնացումը

15:14, Հնվ 15, 2018


ՀՀ կառավարության օրակարգում է կայուն զարգացման նպատակների ազգայնացման, սեփական տնտեսության և հասարակության հնարավորությունների համադրման և այդ համատեստում նպատակադրման խնդիրը: Հունվարի 15-ին Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ հավելելով, որ այդ նպատակներն արտացոլվել են «Հայաստան- 2030» զարգացման ռազմավարության մեջ: «Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ուսումնասիրության մեջ փորձ է կատարել ներկայացնել երկրում առկա իրավիճակը՝ բացահայտելով հիմնական մարտահրավերները, առաջարկելով գործողություններ կայուն զարգացման նպատակներից երկրորդի առնչությամբ՝ վերացնել սովը, հասնել պարենային ապահովության և սնուցման վիճակի բարելավման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացման նպատակի իրականացումը»,-ասաց փոխվարչապետը:

Վաչե Գաբրելյանը ընդգծեց, որ Ազգային վիճակագրական ծառայության կայքում հստակորեն դրված են կայուն զարգացման բոլոր նպատակներն՝ իրենց չափվող ցուցանիշներով և այդ իմաստով Հայաստանը աշխարհում եզակի երկրների շարքում է:

Փոխվարչապետի խոսքով՝ պարենի և սնուցման ապահովման հարցերը պահանջում են նորարարական մոտեցումներ, նոր կառուցակարգեր: Այդ իմաստով նա կարևորեց 2017 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ստեղծումը: «Այստեղ կփորձարկենք նոր լուծումներ, որոնք հնարավորություն կտան ավելի կարճ ճանապարահով գնալ մեր նպատակների իրագործմանը, իսկ ՄԱԿ-ի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում դրանք կարող են կիրառվել նաև այլ համատեսքտերում, այլ երկրներում»,-ավելացրեց փոխվարչապետը:

Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրությունը ղեկավարվել է Կառավարության կողմից՝ միջազգայինհանրության և Հայաստանի քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ:

Դիտվել է՝ 19 անգամ