ԱԺ-ն մերժեց «Ծառուկյան» խմբակցության նախագիծը

12:58, Հնվ 15, 2018


Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցը: Խմբակցությունը նախագծով առաջարկում է հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց կրած վնասները բնական աղետների հետևանքով գերազանցելու են 40 տոկոսը: «Մենք առաջարկում ենք տվյալ տարվա ընթացքում հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց տնտեսությունները բնակլիմայական աղետների հետևանքով ավելի քան 40 տոկոսի վնաս կկրեն: Սա է մեր առաջարկությունը: Հաշվի առնելով այն բնակլիմայական ռիսկերը, որոնք կան Հայաստանում և լսելով գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների տարիներ շարունակ արտահայտած դժգոհությունները` մենք գտնում ենք, որ բնական աղետների պատճառով արդեն իսկ տուժած գյուղացիներին հարկելը, մեղմ ասած, անընդունելի է: Մենք գիտենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծ մասը իրենց աշխատանքները իրականացնելու համար վարկեր է ներգրավում, և, երբ եկամուտ չի ունենում, կանգնում է դժվարությունների առջև, չի կարողանում փակել այդ վարկերը, դրան գումարած, պարտավորություններ է ունենում պետության առջև: Դրա համար ենք մենք հանդես գալիս նման առաջարկով»,- ասաց հիմնական զեկուցողԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել: Հարությունյանը նշեց, որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը, բացի ուղղակի հարկատեսակներից, որոնցից մեկն էլ հողի հարկն է, ազատված է մնացած բոլոր տեսակի հարկերից, ինչն արդեն իսկ պետության կողմից ահռելի աջակցություն է գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին: Նա, միևնույն ժամանակ, նկատեց, որ պետությունը տարբեր ծրագրերով սուբսիդավորում է գյուղացիներին, հետևաբար, հարկային օրենսգրքում նման լրացում կատարելու անհրաժեշտություն չկա:

Այնուհետև քվեարկության դրվեց հարցը Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում ներառելու հարցը, որին կողմ քվեարկեց 34, դեմ՝ 54 պատգամավոր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել: